Անչափահաս մատուցողին ծեծած Դիլիջանի քրեականի՝ լիազորությունները կասեցված պետ Արսեն Ղայթմազյանի խափանման միջոցը փոխվել է


Անչափահաս մատուցողին ծեծած Դիլիջանի քրեականի՝ լիազորությունները կասեցված պետ Արսեն Ղայթմազյանի խափանման միջոցը փոխվել է

  • 04-07-2023 18:19:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի անչափահաս մատուցողին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի խափանման միջոց կալանքը փոխվել է. նա ազատ է արձակվել:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ը որոշ ժամանակ առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել էր Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել էր, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել էր հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
 
Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:
 
Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:
 
Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:
 
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Վերջինս ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել: Արսեն Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացված ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։
 
Նշենք, որ տեսանյութը հանրության զգալի մասի շրջանում առաջացրել էր խիստ զայրույթ, առավել ևս գործուն զղջալու հիմքով՝ քրեական հետապնդման կասեցումը: «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ դատախազը հանձնարարություն է տվել վերացնել Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը