ԱԺ–ն ընդունեց բոլոր նախագծերը. ընդդիմությունը հատկապես կոշտ արձագանքեց «զղջալու» օրինագծին


ԱԺ–ն ընդունեց բոլոր նախագծերը. ընդդիմությունը հատկապես կոշտ արձագանքեց «զղջալու» օրինագծին

  • 12-07-2023 14:45:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս նախագիծը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին։
 
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում այսօր 2–րդ ընթերցմամբ ընդունեց քննարկված բոլոր նախագծերը։
 
Քննարկված նախագծերից, մասնավորապես, Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծն ընդունվեց 65 կողմ, 22 դեմ ձայներով։
 
«Պրոբացիայի մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին 65 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ, «Դրոշի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը` 64 կողմ, 22 ձեռնպահ, «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխությունները` 65 կողմ, 23 դեմ ձայներով և այլն։
 
ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումից առաջ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս նախագիծը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին։
 
«Այն հիմնավորումները, որոնք այս նախագծով ներկայացվում են, անգամ պետական մարմիններն են կոշտ արձագանքել։ Այս նախագիծն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու։ Ընդդիմությունը, բնականաբար, կոշտ դեմ է արտահայտվելու»,– հայտարարեց նա։
 
Քրեական օրենսգրքի փոփոխություններով սահմանվում են մի շարք նախապայմաններ զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Օրինակ` եթե անձը հանցանքը կատարել է առաջին անգամ կամ համագործակցում է իրավապահ համակարգի հետ, վնաս պատճառած լինելու դեպքում փոխհատուցում է այն, ապա այս պայմանների համակցությամբ նրա նկատմամբ կարող է կիրառվել օրենսդրական այս նորմը։
 
Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 23 դեմ ձայներով։
 
Նշենք, որ այսօրվա քվերակություններին մասնակցում էր ընդդիմադիր 2 խմբակցությունից միայն մեկը` «Հայաստանը»։ Խմբակցության պատգամավորները բոլոր նախագծերին կա՛մ դեմ, կա՛մ ձեռնպահ քվեարկեցին։
 
«Պատիվ ունեմ»–ը ԱԺ արտահերթ նիստերին չի մասնակցում, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը հուլիսի 11–ին դադարեցրեց Թագուհի Թովմասյանի լիազորությունները ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը