Բրյուսելյան հանդիպումը, ցավոք, որևէ կոնկրետ արդյունք չի տվել. ՀՀ վարչապետ


Բրյուսելյան հանդիպումը, ցավոք, որևէ կոնկրետ արդյունք չի տվել. ՀՀ վարչապետ

  • 20-07-2023 17:12:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այսօր՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը:
 
Նրա խոսքով՝ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չի տվել:
 
«Եվրամիության խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը»,- մանրամասնեց Փաշինյանը:
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելն է. «Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում, այլ Լաչինի միջանցքի արգելափակմամբ իրականացվող ուղիղ ծրագիր է, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով»:
 
Փաշինյանը մանրամասնեց, որ Բրյուսելում քննարկված հաջորդ հարցը Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն է եղել:
 
«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»,- նշեց ՀՀ վարչապետը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը