ԼՂ-ի բնիկ ժողովուրդն աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի զոհ է. Բեգլարյանը՝ Բաքվից Ուկրաինա ուղարկված օգնության մասին


ԼՂ-ի բնիկ ժողովուրդն աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի զոհ է. Բեգլարյանը՝ Բաքվից Ուկրաինա ուղարկված օգնության մասին

  • 21-07-2023 10:06:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրչադարձել է Ադրբեջանի՝ Ուկրաինա ուղարկված հումանիտար օգնությանը: Բեգլարյանը նշել է, որ Ալիևն այդ քայլով փորձել է «մարդասիրական» ինդուլգենցիա գնել Արևմուտքից:
 
«Ադրբեջանն, իբր, հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, բայց, մյուս կողմից, 221 օր ահաբեկչական շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչների, իսկ 36 օր` լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար պաշարներից։
 
Այս քայլով Ադրբեջանի բռնապետական ռեժիմը փորձում է «մաքրել» իր մեղքերը և «մարդասիրական» ինդուլգենցիա գնել Արևմուտքից, մյուս կողմից՝ ճիշտ ժամանակին հերթական դեմարշն անում Ռուսաստանի նկատմամբ։
 
Բերեմ մեկ այլ ցավալի օրինակ։ Ամբողջ աշխարհն աղմկում է «Հացահատիկային գործարքի» մի քանի օր կասեցման մասին՝ անտեսելով այն փաստը, որ ֆաշիստական Ադրբեջանը սովամահ է անում 120 հազար մարդու՝ 36 օր շարունակ թույլ չտալով սնունդ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնել Արցախ։
 
Իմ հիմնական եզրակացությունը պարզ մարդկային ցավն է, որ Արցախի բնիկ ժողովուրդն աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի զոհ է, այդ թվում՝ իբր ժողովրդավարական և արժեքային երկրներից։ Ամեն դեպքում, փնտրողը գտնում է, իսկ մարտիկը հասնում է նպատակին»,-գրել է Բեգլարյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական