Ինձ համար պատիվ է օգնել․ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը զեկույց կպատրաստի ԼՂ-ում իրավիճակի մասին


Ինձ համար պատիվ է օգնել․ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը զեկույց կպատրաստի ԼՂ-ում իրավիճակի մասին

  • 31-07-2023 13:28:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին, որով նախագահը խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:
 
Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է նախագահ Հարությունյանին. նախատեսում է 7 օրից զեկույց հրապարակել
 
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով որ պարոն Օքամփոյը պատասխան նամակ է հղել Նախագահին, որտեղ մասնավորապես գրել է.
 
«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով:
 
Ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար ես պետք է վերլուծեմ Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները, որը կարելի է եզրակացնել հիմնվելով փաստերից: Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։
 
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա:
 
Հարգանքներով՝ Լուիս Մորենո Օկամպո»:
 
Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ բացի պատասխան նամակից, անցած գիշերվա ընթացքում թեմայի կապակցությամբ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը թվիթերի իր միկրոբլոգում նաև երեք անգամ անդրադարձել է գրառմամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play