ՊՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ ՀՀ զինված ուժերում կարգապահական վիճակի և խնդրահարույց հարցերի վերաբերյալ


ՊՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ ՀՀ զինված ուժերում կարգապահական վիճակի և խնդրահարույց հարցերի վերաբերյալ

  • 29-08-2023 20:05:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։
 
Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
 
Բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։
 
Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքներին։
 
Լսելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի, զորամիավորումների հրամանատարների զեկույցները՝ պաշտպանության նախարարը խիստ ցուցումներ է տվել զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներդնելու առավելագույն ջանքեր՝ անձնակազմի շրջանում լայնածավալ անհատական աշխատանքներ կատարելու, արատավոր բարքերը չեզոքացնելու, ի հայտ եկած խնդիրները լուծելու ուղղությամբ։
 
Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի շրջանում շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպել լրացուցիչ, անհետաձգելի միջոցառումներ և ուսումնասիրություններ՝ վեր հանելու համար հնարավոր բոլոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ ծառայության կրման ընթացքում և հանգեցնել անցանկալի հետևանքների, դեպք-պատահարների։
 
Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն