Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքը ազատել հայերից․ Փաշինյան


Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքը ազատել հայերից․ Փաշինյան

  • 31-08-2023 12:07:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի մոտակայքում սպասող հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տալիս մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ 
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին խոսել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին օգոստոսի 31-ին ավելացան ևս տասը։ Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունը ուղեկցեց մինչև Կոռնիձոր։
 
«Այդուհանդերձ, ոչ այս, ոչ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանած հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականության հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքն ազատել հայերից։ Ինչպես նախկինում ասել եմ, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է․ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը։ Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ»,- ընդգծեց Փաշինյանը։
 
Վարչապետը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
 
«Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»,-  եզրափակեց Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play