Արայիկ Հարությունյանն Արցախում նոր պետնախարար է նշանակել


Արայիկ Հարությունյանն Արցախում նոր պետնախարար է նշանակել

  • 31-08-2023 13:49:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արայիկ Հարությունյանի «Ֆյսբուք»-յան գրառումից, որի մեջ նշված է, որ Սամվել Շահրամանյանին կտրվեն լայն լիազորություններ:
 
«Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը»,- գրել է Արցախի նախագահը՝ մեկտեղ երախտագիտություն հայտնելով Գուրգեն Ներսիսյանին:
 
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար: Նա պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ: Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին»,- գրել է նա:
 
«Ֆեյսբուք»-ի իր գրառմամբ Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում կներկայացնի:  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը