Ֆրանսիայի դեսպանը հումանիտար բեռի պատճառով կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ


Ֆրանսիայի դեսպանը հումանիտար բեռի պատճառով կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

  • 31-08-2023 15:16:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հետք. Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին՝ ««Լաչին» անցակետով Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական բեռ ուղարկելու փորձի համար»:
 
«Օգոստոսի 31-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Հանրապետության ԱԳՆ: Հանդիպման ընթացքում դեսպանին ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել՝ կապված «Լաչին» սահմանային անցակետ ֆրանսիական մի շարք քաղաքների, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ «մարդասիրական բեռի» անվան տակ տրանսպորտային միջոցների ուղարկման և Ադրբեջանի դեմ այդ անձանց սադրիչ հայտարարությունների համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
 
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ֆրանսիայի այս քայլերը «ոչ միայն ուղղակի միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին, այլև ոտնձգություն են միջազգային իրավունքով պաշտպանված երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:
 
«Ադրբեջանական կողմը, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, նրա կամքին հակառակ և միջազգային մարդասիրական օգնության ուղարկման հետ կապված միջազգային իրավական շրջանակների խախտմամբ բեռների ուղարկման ցուցադրական փորձը գնահատել է որպես սադրիչ գործողություն և հակառակ կողմին է հասցրել իր վճռական բողոքը»,- ասված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
 
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Ֆրանսիայից պահանջել են «վերջ դնել քայլերին <...>, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ, ինչը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում կարգավորման փխրուն գործընթացի համար, որն առաջ է մղվում միջազգային դերակատարների ակտիվ ջանքերով»։
 
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիան մարդասիրական օգնությամբ 10 բեռնատար մեքենա էր ուղարկել Կոռնիձոր գյուղ, որոնք այնտեղից պետք է անցնեին Արցախ։ Բեռնատարներն ուղեկցում էին ֆրանսիական քաղաքների քաղաքապետերը, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Սակայն, Բաքուն թույլ չէր տվել, որ բեռնատարներն անցնեն Լաչինի միջանցքի սկզբնամասում ապօրինի տեղադրված անցակետով։
 
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play