Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ Հայաստանի ԱԳՆ


Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ Հայաստանի ԱԳՆ

  • 04-09-2023 15:54:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:
 
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե արդյո՞ք Լաչինի միջանցքը բացելու Բաքվի նախապայմանը Ադրբեջանը դարձրե՞լ է Աղդամի ճանապարհի բացումը։
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում։
 
Արդեն 7 օր է Բաքուն փորձում է Աղդամով 40 տոննա ալյուրը որպես մարդասիրական օգնություն հասցնել Ստեփանակերտ, այս հարցով բանակցություններ են ընթանում։ Արցախցիներն էլ հերթապահություն են իրականացնում Ասկերանի ճանապարհին՝ պնդելով՝ շարունակելու են փակ պահել ճանապարհը այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները իրենց ալյուրով հանդերձ չեն հեռացել։ Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է՝ եթե Ադրբեջանն իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ, ապա պետք է չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը