Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Հայտարարությունը Արցախի Հանրապետության հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիայի կապակցությամբ
20-09-2023 11:06:03 | | Քաղաքական
Որպես 2020 թ․ սեպտեմբերի 27-ի ագրեսիայի, պատերազմի, ցեղասպանության շարունակություն, 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նոր պատերազմ է սկսել Արցախի հայության դեմ։ Միջազգային ընտանիքի լուռ թողտվությամբ ընթացող այս ուխտադրուժ ագրեսիան մարդկայնության եւ հայության դեմ իրականացվող թուրք-ադրբեջանական պետական մեքենայի հանցագործությունների երկար շղթայի հերթական գործողությունն է։
Հնարավոր է, սա նոր Սարդարապատն է։ Հայ ժողովուրդը այլ ելք չունի, քան համախմբվելն ու հաղթելը։ Դրա հակառակը նոր ցեղասպանությունն է ու ամոթը։ Հայերից մեկը գրել է․ «Եվ որքան կուզեք աղավնիներ բաց թողեք, միեւնույնն է, խաղաղությունը բերում են արծիվները»։
Պետք է համախմբվել ու ջախջախել ագրեսորին։ Այդպես հաստատել խաղաղություն։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն)
- կոչ է անում Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներին զինվորագրվել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը,
- հրահանգում է Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության տարածաշրջանային ուժերին, իրենց կանոնադրության սկզբունքների համաձայն, համալրել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը։
Քանի որ հայ ժողովուրդը խնդիր ունի․
ա) հաղթելու այս պատերազմում, եւ ցանկացած պարտադրված պատերազմում,
բ) կազմակերպվելու եւ ինքնակազմակերպվելու որպես ազգ-բանակ, ապահովելու համար հաջողությունն ու հաղթանակը ամեն տեսակ ռազմական գործողությունների դեպքում,
գ) պաշտպանելու համար հայ ժողովրդին տրված իրավունքները իրավական – քաղաքական բոլոր հարթակներում եւ բոլոր միջոցներով,
դ) հասնելու պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի գաղափարախոսության, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական պետական մեքենայի նախկին ու ներկայի բոլոր հանցագործությունների դատապարտմանը միջազգային իրավական ատյաններում։
Պետք է հիշել, որ «Ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում հետեւյալ հանցագործությունների նկատմամբ. a) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք ձեւակերպված են Նյուրենբերգի միջազգային ռազմական ատյանի կանոնադրության մեջ` 8-ը օգոստոսի, 1945 թ. եւ b) մարդկայնության դեմ հանցագործությունների, անկախ այն հանգամանքից դրանք կատարվել են պատերազմի ժամանակ, թե խաղաղության ժամանակ, ինչպես դրանք ձեւակերպված են Նյուրենբերգի միջազգային ռազմական ատյանի կանոնադրության մեջ` 8-ը օգոստոսի, 1945 թ., ...այդ թվում` ցեղասպանության հանցագործությունների, որոնք ձեւակերպված են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի մեջ», ըստ «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի, 26-ը նոյեմբերի 1968 թ.։
Եվ որ ցեղասպանն ու պատերազմի հանցագործը, հանցագործները կրելու են իրենց պատիժը եւ դրանից խուսափել հնարավոր չէ։
Թուրք-ադրբեջանական պետական հանցագործ քաղաքականության հետեւանքով Մերձավոր Արեւելքի տարածաշրջանն ու նրան հարակից Կովկասը, այդ թվում՝ Արցախը, վաղուց հայտնվել են մարդասիրական ու քաղաքակրթական խորը ճգնաժամի մեջ, որը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդների ու ազգային պետությունների խնդիրն է դարձել։
Հայ ժողովրդի համար թուրք-ադրբեջանական մեքենայի հայատյաց քաղաքականությանը դիմագրավելն ունի առանձնահատուկ կենսական նշանակություն եւ դա է միակ ճանապարհը ապահովելու հայ ժողովրդի գոյություն ունենալու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։
Մենք վճռական ենք պաշտպանելու հայ ժողովրդի բոլոր իրավունքները։
Արդարացի ու վերջնական հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու։
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահ
19 սեպտեմբեր 2023 թ․
Ծանոթագրություն
Մամլո հաղորդագրություն -Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ առաջարկով, 08․08․2019-http://gov-wa.info/?p=3601&lang=hy
Վերադառնալով հրապարակված նյութին. Քառօրյա պատերազմ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հայտարարությունը Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի կապակցությամբ, 03.04.2016- http://parliament-wa.info/wa/archives/8585
Մամլո հաղորդագրություն - Արեւմտյան Հայաստանի Հանրապետութան (Հայաստան) դիմել է ՄԱԿ` Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ,29․11․2018 -http://gov-wa.info/?p=3339&lang=hy
Բաց նամակ - դիմում ՄԱԿ-ին Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, 25․03․2020 -https://aga-tribunal.info/hy/
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ, 29 մայիս 2018 թ. – http://lousavor-avedis.org/?p=17697