ՌԴ ՊՆ․ Լեռնային Ղարաբաղում շուրջ 2 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել


ՌԴ ՊՆ․ Լեռնային Ղարաբաղում շուրջ 2 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել

  • 20-09-2023 13:02:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ վերջին 24 ժամերին «ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարտիկները Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր շրջաններից շուրջ 2 հազար խաղաղ բնակիչների են տարհանել, նրանց կեսից ավելին՝ 1049-ը, երեխաներ են»։
 
Այս մասին նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ Թե ուր են տարհանվում արցախցիները, հաղորդագրությունը չի հստակեցնում:
 
Ռուսաստանցի զինվորականները նաև պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները «շարունակում են կատարել իրենց վրա դրված պարտականությունները»։
 
«Թվով 30 դիտակետերում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են շուրջօրյա ռեժիմով հետևել իրավիճակին և վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
 
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
 
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը