Եվրոդատարան ներկայացրած Հայաստանի քաղաքացիների դիմումների<br /> մեծ մասը առնչվում է խաղաղ ցույցերի անցկացման իրավունքին<br />


Եվրոդատարան ներկայացրած Հայաստանի քաղաքացիների դիմումների
մեծ մասը առնչվում է խաղաղ ցույցերի անցկացման իրավունքին

  • 25-12-2008 16:05:00   | Հայաստան  |  Իրավունք

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի քաղաքացիների կողմից Եվրոդատարան ներկայացված դիմումների մեծամասնությունը վերաբերում է խաղաղ ցույցերն ու այլ զանգվածային միջոցառումները ապօրինի ցրելու եւ ցուցարարների իրավունքները ոտնահարելու դեպքերին: Այս մասին դեկտեմբերի 25-ի ասուլիսում հայտնեց Եվրոդատարանում ՀՀ-ն ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը: Նրա խոսքերով, այդ դիմումները Եվրոդատարան են ուղարկվել դեռեւս 2003-2004թթ.-ին` հետընտրական զարգացումների արդյունքում: Բավարարված դիմումներից մեկը «Աշուղյանն ընդդեմ ՀՀ-ի» հայցն է եղել, որի քննարկման ժամանակ դատարանը գտել է, որ դրոշի ծայրով այլ քաղաքացուն հրելը, ինչի մեջ մեղադրվում էր Աշուղյանը, բավարար հիմք չէ նրան վարչական կալանքի ենթարկելու համար: 2008թ.-ի ներքաղաքական իրադարձությունների առնչությամբ ստացված դիմումների թիվն ու կոնկրետ բովանդակությունը Ա.Գյուլումյանը դժվարացավ հայտնել, նշելով, որ դեռ վաղ է դրանց մասին խոսել: Ա.Գյուլումյանը հավելեց, որ «Ա1+» հեռուստաընկերության դիմումը բավարարելիս դատարանը գտել է, որ Հայաստանի պետական մարմինները «Ա1+»-ի վերաբերյալ պատճառաբանված որոշումներ չեն կայացրել: Իսկ «Նոյյան տապան» հեռուստաընկերության դիմումի կապակցությամբ, ըստ դատավորի, Եվրոդատարանը եկել է այն եզրակացության, որ այդ ընկերության նկատմամբ խախտումը տեղի է ունեցել նախքան Հայաստանի կողմից Եվրոխորհրդի առջեւ պարտավորություններ ստանձնելը: Ա.Գյուլումյանը հայտնեց, որ մոտ 600 դիմում Եվրոդատարանը ստացել է Ղարաբաղի ազատագրված տարածքներից տարհանված ադրբեջանցիներից, որոնք համարում են, որ հայերը ոտնահարել են իրենց հիմնարար իրավունքները: Դիմումներ կան նաեւ Արծվաշենից եւ Բաքվից տարհանված հայերի կողմից, որոնց թիվը դատավորը չնշեց:
Նոյյան տապան  -   Իրավունք