Ադրբեջանը մանրամասներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում հայերի վերաինտեգրման ծրագրերի մասին
02-10-2023 18:14:00 | Ադրբեջան | Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագրերի մանրամասները, որոնք իրենց պատվիրակությանը ներկայացրել են նախորդ երեք հանդիպումներում։
«Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները երաշխավորված են, ներառյալ՝ բոլորի անվտանգությունը»,- ասվում է վարչակազմի հայտարարության մեջ:
Ծրագրերի համաձայն՝ «հայաբնակ տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով»։
Նշվում է, որ բնակիչները կարող են ներգրավվել հատուկ առաքելությունների աշխատանքներում, քաղաքապետարանները ձևավորվելու են ընտրությունների հիման վրա։
«Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը: Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքի մեջ»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Ղարաբաղի հայ բնակչությանը երաշխավորված է մշակույթի պահպանման և զարգացման իրավունքը, դավանանքի ազատությունը և հայոց լեզուն օգտագործելու հնարավորությունը։