Ինչ է տալու Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը. ներկայացնում է Կիրակոսյանը


Ինչ է տալու Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը. ներկայացնում է Կիրակոսյանը

  • 03-10-2023 12:11:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց, թե ինչ կտա Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ Եղիշե Կիրակոսյանն ընդգծեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։
 
«Այն որոշակիորեն երաշխիք է տալիս, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, և այն անձանց համար, ովքեր մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կունենա կանխարգելիչ ազդեցություն։ Կարծում եմ, որ դա պակաս հիմնավորում չէ, որպեսզի վավերացման հարցը քննարկենք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ գտնվում են Ադրբեջանի զինված ստորաբաժանումներ, կանոնադրության վավերացումը վերստին հիմնավորվում է»,- ասաց Կիրակոսյանը։
 
Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ ընդունել է նախագիծ և այն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։
 
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։
 
Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:
 
Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play