Գրանադայում տեղի ունեցածը համարում եմ առարկայական դիվանագիտական մեծ ձեռքբերում. Արմեն Խաչատրյան


Գրանադայում տեղի ունեցածը համարում եմ առարկայական դիվանագիտական մեծ ձեռքբերում. Արմեն Խաչատրյան

  • 06-10-2023 10:13:23   | Հայաստան  |  Քաղաքական

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը, այսինքն՝ պետականությանը սպառնացող իրողությունները բավականին մեծ էին և ռեալ։
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր ջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ այս ժամանակահատվածում Հայաստանը անցավ բազմաթիվ փորձություններով լեցուն վտանգավոր ճանապարհով, որի երկու կողմերում պետականության կորստի անդունդն էր։
 
«Գրանադայում տեղի ունեցածը համարում եմ պատերազմից հետո մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության էական ամրապնդմանն ուղղված առարկայական դիվանագիտական մեծ ձեռքբերում։
 
Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում և ընդունվում է որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ երկիր, որին սատարում են գրեթե բոլոր ժողովրդավարական երկրները։
 
Մեր ճանապարհը դեռ լի է փորձություններով, սակայն այն միայն առաջ է տանում։
 
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»։
 
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն հայտարարություն էր հրապարակել: Կողմերն ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական