ՌԴ խաղաղապահները պատրաստ են աջակցել խաղաղությանը` ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի. Լավրով


ՌԴ խաղաղապահները պատրաստ են աջակցել խաղաղությանը` ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի. Լավրով

  • 10-10-2023 10:39:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Եկել է վստահության ամրապնդման և տարածաշրջանում խաղաղ կյանք սկսելու ժամանակը, ընդգծել է Սերգեյ Լավրովը։
 
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անկայունություն են սերմանում: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պահպանումը՝ իր ամբողջականությամբ և փոխկապակցվածությամբ, միջազգային խաղաղության և կայունության գրավականն է» հոդվածում։
 
«Ներկայումս Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին` Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։
 
Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքը դասավորելու, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,-ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
 
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում տեղակայված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարության համաձայն: ՌԴ խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը սահմանվել է փաստաթղթի ստորագրման պահից սկսած 5 տարի, ավտոմատ երկարաձգմամբ` հերթական 5 տարի ժամկետով, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play