Ադրբեջանը սկսում է Իրանի տարածքով Նախիջևան տանող միջանցքի կառուցումը


Ադրբեջանը սկսում է Իրանի տարածքով Նախիջևան տանող միջանցքի կառուցումը

  • 10-10-2023 12:01:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet. Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը (ձախից) և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը (աջից) տարանցիկ երթուղու հիմնարկեքի արարողությանը: Լուսանկարը՝ Azertaj-ի։
 
Ադրբեջանն ու Իրանը սկսել են Իրանի տարածքով Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տարանցիկ երթուղու շինարարությունը։
 
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը մասնակցել են Արաքս գետի վրայով երկու երկրները միացնող կամրջի հիմնարկեքի արարողությանը։
 
Բազրփաշը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իրանը սահմանային անցակետ կկառուցեն լքված Աղբենդ քաղաքի մոտ՝ Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների միացման կետին մոտ գտնվող տարածքում։ Քաղաքն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ։
 
Նախատեսվում է, որ միջանցքի կառուցումը, որը ներառելու է ավտոմայրուղի և երկաթուղի, կֆինանսավորի Ադրբեջանը, իսկ կվերահսկի Իրանը։ Նախագծի մասին ի սկզբանե հայտարարվել էր 2022-ի մարտին, երբ երկու երկրները շինարարությունը վերահսկելու նպատակով համատեղ տնտեսական հանձնաժողով ձևավորեցին:
 
«Այս նախագծում Ադրբեջանը պատասխանատու է կամրջի կառուցման համար, իսկ Իրանը պատասխանատու է ավտոմայրուղու կառուցման համար»,- ասել է Բազրփաշը։
 
«Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել կամրջի և երկաթուղու կառուցման վերաբերյալ։ Դա իրականացվում է Ադրբեջանի ներդրումներով և այս երկրի կողմից»,- հավելել է նա։
 
Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն ավելի ու ավելի է ձգտել միջանցք ստեղծել Նախիջևանի էքսկլավը երկրի մնացած մասերին միացնելու համար: Դա դրսևորվել է Հայաստանի Սյունիքի մարզով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու առաջարկվող ծրագրերում։
 
Առաջարկվող միջանցքը շարունակում է վեճի առարկա լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում։
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին Բաքվում ընդունել է նախարար Բազրփաշին, որտեղ երկու պաշտոնյաները քննարկել են տնտեսական և առևտրային կապերի խորացումը։
 
Հաղորդվում է, որ նրանք քննարկել են նաև Հայաստանի հետ եռակողմ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:
 
Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճում է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո։ Անցյալ տարի զինված տղամարդը ներխուժել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն, սպանել անվտանգության ղեկավարին և վիրավորել ևս երկու աշխատակցի։
 
Իրանը նաև առնվազն երկու զորավարժություն է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Բացի դրանից, իրանցի պաշտոնյաները հաճախ սպառնալից հայտարարություններ են անում Ադրբեջանի հասցեին։
 
Ադրբեջանցի պատգամավոր և Իրանի խիստ քննադատող Ֆազիլ Մուստաֆան ողջունել է միջանցքի շինարարության մեկնարկը։ Վերջերս անհայտ անձը կրակել էր Մուստաֆայի վրա։ Ադրբեջանի իշխանություններն այս հարձակումն անուղղակիորեն կապել են Իրանի վրա։
 
Meydan TV-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այժմ, երբ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը» Լեռնային Ղարաբաղում, Իրանի հետ հարաբերությունների ջերմացման հույս կա։
 
«Ղարաբաղի հայությանը կամ Հայաստանին աջակցելու քաղաքականությունն արդեն անիմաստ է դարձել. Բաքու-Թեհրան հարաբերությունները չբարելավելու համար որևէ արդարացում չկա»,- ասել է Մուստաֆան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play