Ադրբեջանը մինչ օրս հրապարակային չի ասել, որ ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան


Ադրբեջանը մինչ օրս հրապարակային չի ասել, որ ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

  • 11-10-2023 10:37:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. «Երբ Ադրբեջանը ասում է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ուզում ենք հասկանալ` ինչ նկատի ունեն ՀՀ ասելով, որովհետև նրանց խոսույթից ոմանք եզրակացություն են անում, որ նրանք նկատի ունեն, ոչ թե 29 800 քկմ, այլ տարածքի մի մասը»,- Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ կարևոր է վերոնշյալն ընդգծել:
 
«Ուզում եմ շատ կարևոր արձանագրում անենք, որ այս սկզբունքը Բրյուսելում Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել է իմ և Ադրբեջանի նախագահի կողմից, բայց պրոբլեմը շարունակում է մնալ այն, որ մինչև օրս Ադրբեջանի նախագահը ՀՀ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել: Մեզ ասում են` ՀՀ-ն միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. այստեղ միակողմանիի մասին խոսք լինել չի կարող, 86 600 և 29 800-ը երկվորյակ թվեր են. մեկը ճանաչելու համար պետք է մյուսը ճանաչել: Այս հարցին քննադատություններին նրանք, ովքեր բոլոր նրբությունները գուցե չեն կարդացել, ուզում եմ հորդորել, որ մի քիչ ավելի զգույշ լինեն»,- ասաց նա:
 
Վարչապետը նշեց` հակառակորդները օգտագործում են ընդդիմադիր ուժերի «ոչ»-ը` հիմնավորելու համար, որ` տեսեք, իրենք էլ են ասում, որ ՀՀ-ն 29 800 քկմ չէ: Ըստ վարչապետի` նրանք դա գնահատում են որպես ռևանշիստական ուժերի խմորումներ, ՀՀ ագրեսիվ քաղաքականության հիմնավորում և իրենց ագրեսիվությունը ՀՀ նկատմամբ հիմնավորում են նաև դրանով:
 
«29 800 քկմ մեջ մտնում է նաև Արծվաշենը. ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ այդ ինքնիշխան տարածքի վրա: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն. ով էլ խոսի անկլավների մասին, պետք է սեղանին դնի քարտեզ: Ենթադրենք, երբ ընդունվեց անկլավի հետ կապված պրոբլեմատիկա, դրանից հետո նոր հարցեր են ծագելու` անկլավների սահմանների դելիմիտացիայի, հասանելիության, սահմանների պաշտպանության, այդ տարածքներում ԶՈւ ներկայության և չներկայության, անցման կանոնները. անկլավ նշանակում է` դու պետք է ուրիշի տարածքով անցնես, ոնց պետք է անցնես, ինչ իրավական նրբություն ունի այդ հարցը, և այս պրոբլեմների լուծման մի քանի տարբերակ կա, մեկն այն է, որ այս պրոբլեմները կարգավորում ենք, խաղաղության ֆոնին այդ հարցը լուծվում է, դա` մեկ, երկրորդն այն է, որ մենք տեսնում ենք` այնքան բարդ է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ սահմանից այն կողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքում, որով պարփակված են, բայց սա էլ պետք է լինի պայմանագրի առարկա»,- ասաց նա:
 
Վարչապետն ընդգծեց` պետք է թույլ չտալ, որ որևէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում` այն պատճառաբանությամբ, որ ՀՀ-ն հրաժարվում է քննարկել, խուսափում է քննարկումից, լուծումից:
 
«Մեր խնդիրն է` թույլ չտալ էսկալացիա, դրա համար չպետք է մտածենք հարցերը հետաձգելու, խճողելու, անհասկանալի դարձնելու մասին, հակառակը, պիտի իսկապես գնանք լուծումների, բայց դրանք պետք է լինեն հիմնավոր և թափանցիկ մեր հանրության համար` դավադրությունների տեսությունը բացառելու համար»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը