Րաֆֆու «Խենթը» վեպի համանուն ներկայացումը կհամալրի Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը
24-10-2023 15:22:33 | Հայաստան | Մշակույթ
Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ կբարձրանա «Խենթը» ներկայացումը՝ ըստ Րաֆֆու համանուն վեպի։ Առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:
Բեմադրության ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է, որի խոսքով՝ շուրջ 2-3 ամիս տևած աշխատանքներից հետո ներկայացումը հանձնում են հանդիսատեսի դատին:
«Այն, ինչ ապրում է յուրաքանչյուր հայ, այն արհավիրքները, որոնց ականատեսն ենք լինում՝ էթնիկ զտումներ, պատերազմ... այն, ինչ տեսանք, լսեցինք և զգացինք մեծ վերք և հետք են թողել բոլորիս վրա: Կարծում եմ՝ սա այդ հետքի արտացոլանքն է։ Թվում է՝ ոչինչ չի փոխվել, պատմությունը կրկնվում է»,- նշում է Դավիթ Հարությունյանը։
Ռեժիսորն ընդգծում է, որ ներկայացման խնդիրը մարդկանց հուզելու մեջ չէ, այլ գոյի պահպանության մասին մտածելու, չցեղասպանվելու, ելքը գտնելու մեջ է: «Րաֆֆին երևի չգիտեր, որ մարգարե է: Դեպքերը կրկնվում են, և ամեն խնդրի սկզբնաղբյուրն ու պատճառները Րաֆֆին ներկայացնում է «Խենթը» վեպում»,-ասում է ռեժիսորը:
Ըստ նրա՝ ժամանակակից սերունդը պետք է հնարավորություն ունենա դիտելու այս ներկայացումը։ Ռեժիսորի խոսքով՝ «Խենթը» վեպում շատ պատգամներ, շատ իմաստներ, ամբարված մտքեր և թանկ խորհուրդներ կան, որոնք պահպանվել են ներկայացման մեջ։
Հարությունյանը վստահեցնում է՝ հանդիսատեսը կտեսնի հրաշալի կերպարների, նոր դեմքերի, մարդկանց, որոնք նվիրված են եղել ներկայացման կայացմանը: «Շնորհակալություն եմ հայտնում ստեղծագործական կազմին, որ իսկապես ջանք չի խնայել որպեսզի ներկայացումը կայանա: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում պիեսի հեղինակին՝ Սուրեն Հարությունյանին, բեմադրող նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Եվանգուլյանին, զգեստների նկարիչ Մարինա Թադևոսյանին, կոմպոզիտոր Վահան Արծրունուն, խորեոգրաֆ Անահիտ Ենոքյանին»,-եզրափակում է ռեժիսորը: