Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը


Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը

  • 03-11-2023 12:50:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:
 
Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` ՀՀ դպրոցներում, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսումնարաններում և քոլեջներում չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած անձինք։ 
 
Նկատի ունենալով, որ 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա:
 
«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված են պարտադիր կրթության ապահովման պատասխանատվությունները: Մասնավորապես, ամրագրված է. դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով, ԿԳՄՍ նախարարությունը սահմանում է երեխային հանրակրթության մեջ ընդգրկելու կարգը, ՀՀ մարզպետները և Երևանի քաղաքապետը համակարգում և վերահսկում են իրենց տարածքում դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, իսկ ՏԻՄ մարմիններն իրականացնում են երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն:
 
Կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավման նպատակն է դպրոցահասակ երեխաների կրթությունից դուրս մնալը կանխելը, ուսումնական հաստատությունից դուրս մնացած երեխաներին վաղ բացահայտելը, դուրս մնալու պատճառները վերհանելը և դրանց վերացման համար միջոցներ ձեռնարկելը, երեխայի ուսումնառությունը համապատասխան ուսումնական հաստատությունում ապահովելը:
 
Ուսումնական հաստատություն չհաճախած կամ այնտեղ հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն:
 
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային ենթահամակարգի  տեղեկատվությունը հասանելի է, և ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու համար, բացի տվյալ ուսհաստատությունից,  հաշիվներ են տրամադրվում հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներին` Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, մարզպետների աշխատակազմերին, Միասնական սոցիալական ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը:
 
Եթե անձն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համապատասխան փաստաթուղթ ներկայացված չլինելու պարագայում Խնամակալության և հոգաբարձության մարմնինը դիմում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին: Վերջինս, տեղեկացնելով ծնողին (օրինական ներկայացուցչին), ապահովում է անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը և ուղղորդում է անձին ուսհաստատություն՝ սահմանված կարգով կրթությունը կազմակերպելու համար:  Հաստատությունում կրթությունը կազմակերպվում է սահմանված կարգով: Բացված հայտերի մասին ամբողջ տեղեկատվությունը, պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցներին: 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play