ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին


ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին

  • 17-11-2023 16:01:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մանրամասներ է հայտնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
 
Նախարարը նշել է, որ բարեբախտաբար, հնարավոր է եղել հրդեհը արագ մարել:
 
«Այս պահին ուսումնասիրություններ են ընթանում: Մի քանի տարբերակներ կան: Ամեն դեպքում ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»,- ասաց նա:
 
Հարցին՝ հնարավո՞ր է քննարկվի ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց, նախարարը նշել է, որ չի կարծում, որ դժբախտ պատահարի գրանցման հետևանքով նման հարց բարձրացվի, նախ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:
 
«Եթե դա կապված կլինի որևէ մեկի՝ իր աշխատանքների և պարտականությունների կատարման հետ, բնականաբար, այդ հարցերի հետևից պետք է գնալ»,- ասաց նախարարը:
 
Ինչպես տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։
Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
 
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: 
 
ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։
 
ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանի խոսքով՝ 3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից:
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը