ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի ՀԱՊԿ-ում աշխատանքը. Պեսկով
22-11-2023 14:25:53 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում և ցավում է, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովում հայկական կողմը բարձր մակարդակով ներկայացված չի լինի։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ վաղվա գագաթնաժողովին Հայաստանի բարձր մակարդակի մասնակցություն չի լինելու, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանը ներկայումս չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն Հայաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին չեն մասնակցել կազմակերպության միջոցառումներին։
Հայաստանը հետ է կանչել նաև ՀԱՊԿ-ում իր դեսպանին և նորը չի նշանակել։