Մի շարք երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ և դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից. Պեսկով


Մի շարք երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ և դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից. Պեսկով

  • 27-11-2023 14:35:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մի շարք երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ։
 
Պեսկովի խոսքով՝ փորձ է արվում Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։
 
«Դե, տեսեք, ինչ-որ տեղ, երևի երեք, չորս, հինգ տարի առաջ, դիվանագիտական դիմակներով նման պայքար է տարվել։ Հիմա այս դիմակները վաղուց հանվել են, և պայքարը մղվում է դեմ առ դեմ, երեսը բաց է։ Իրոք, մի շարք երկրներ դեռևս փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչն, ի դեպ, հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այս թվով երկրներ դժվար թե կարող են միջնորդի որևէ դերի հավակնել», - Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ «նման միակողմանի դիրքորոշում ընդունելով ինչ-որ հավակնություններ ունենալը  և՛ անհնար է, և՛ անտեղի»։
 
«Իսկ այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց առայժմ ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի նման դեր խաղալ, բացի Ռուսաստանից: Իսկ Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,- ընդգծել է Պեսկովը։
 
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր ռուս խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու անհրաժեշտության մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը