Գիտելիքի, երազանքի ու նվիրման՝ «ԳԵՆ» մրցանակաբաշխության առաջին մրցանակակիրը գինեգործ Վահե Քեուշգուերյանն է


Գիտելիքի, երազանքի ու նվիրման՝ «ԳԵՆ» մրցանակաբաշխության առաջին մրցանակակիրը գինեգործ Վահե Քեուշգուերյանն է

  • 27-11-2023 18:19:24   | Հայաստան  |  Մշակույթ

Աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, մեր երկրի հյուրընկալության, ռեստորանային ու սրճարանային բիզնեսում նշանակալի ավանդի, ինչպես նաև արվեստի ու գրականության միջոցով մարդկային ապրումները ներկայացնող ստեղծագործողներին ու մասնագետներին երախտագիտություն հայտնելու նպատակով ստեղծվել է «ԳԵՆ» մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնության հեղինակը «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր, գործարար Ժիրայր Ավանյանն է: «ԳԵՆ» մրցանակը հավակնորդների ներդրած գիտելիքի, նրանց թևեր տված երազանքի ու անսպառ նվիրումի արտացոլումն է։  Ինչպես մրցանակաբաշխության հեղինակն է նշում, Հայաստանն այսօր ապրում է վերականգնման ու վերարժևորման մի ժամանակաշրջանում, երբ իրենց աշխատանքն անտրտունջ ու սիրով կատարող անհատները, ովքեր մերօրյա հերոսներ են, պետք է արժանանան ուշադրության, հանրության կողմից ճանաչելիության ու գնահատանքի։
 
Նոյեմբերի 24-ին ՒՄՏՈՒՆ Դիլիջանում կայացել է «ԳԵՆ» առաջին մրցանակաբաշխությունը պետական գերատեսչությունների, ՀՈՌԵԿԱ ոլորտի, Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «ԳԵՆ» առաջին մրցանակը շնորհվել է գինեգործ, «Կարաս», «Կատարո», «Քյօշ», «Զուլալ» և «Օշին» գինիների ստեղծմանն աջակցած Վահե Քեուշգուերյանին։
 
«Միշտ մտածել եմ, որ Վահե Քեուշգուերյանի դերն անգնահատելի է Հայաստանում գինեգործության կայացման մեջ։ Այս մարդը հերոս է, քանի որ ինքնուրույն վերականգնել է մի ամբողջ ոլորտ, որը երկար ժամանակ անտեսված վիճակում էր։ Ես անձամբ կարող եմ դա փաստել․ տարիներ շարունակ իմ ռեստորանում ամաչել եմ հայկական գինի մատուցել, իսկ այսօր իմ բոլոր նախագծերում միայն հայկական գինիների տեսականի է ներկայացված։ Հայաստանը գինու բնօրրանն է: Եվ ես ուրախ եմ, որ նաև Վահեի ջանքերով կարողացանք մեր երկրին վերադարձնել այս կարգավիճակը։ Անչափ բարձր գնահատելով Վահե Քեուշգուերյանի աշխատանքը՝ որոշեցի շնորհակալություն հայտնել նրան «ԳԵՆ» առաջին մրցանակի շնորհմամբ»,-նշել է մրցանակաբաշխության հեղինակ Ժիրայր Ավանյանը։
 
Վահե Քեուշգուերյանի համար մեծ ու հաճելի անակնկալ էր այս մրցանակին արժանանալը: Ասում է՝ հերոսություն չի արել, պարզապես հայտնվել է ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին և իր երեսունամյա փորձը ծառայեցրել Հայաստանում գինեգործական ոլորտի կայացմանը: «Ուրախ եմ, որ մեր ոլորտում ունենք նմանատիպ մրցանակաբաշխություն, որը շարունակական է լինելու: Ինձ անչափ դուր է գալիս այս մրցանակի կոնցեպտը. գնահատել անհատներին, ովքեր մեծ նվիրումով ու հետևողականորեն կատարում են մի աշխատանք, որն ուղղակիորեն ազդեցություն է ունենում այս կամ այն ոլորտի զարգացման վրա:  Նմանատիպ մրցանակներն օգնում են մարդուն մեկ րոպե շունչ քաշել ու ասել՝ այո, իմ աշխատանքը գնահատվեց ու շարունակել ավելի մեծ եռանդով»,-ասել է «ԳԵՆ» առաջին մրցանակակիրը: 
 
«ԳԵՆ» մրցանակն ունի հայկական ժողովրդական հավատալիքներից մեզ հասած հմայիլ, հաջողության թալիսման դաղդղանի տեսքը, որի պատրաստումը վստահվել է արվեստագետ Լյուդվիգ Ավետիսյանին։
Անդրադառնալով «ԳԵՆ»-ի ապագային՝ Ժիրայր Ավանյանը  նշել է, որ այն կկրի ամենամյա բնույթ և կձգտի դառնալ Հայաստանի այցեքարտ համարվող մրցանակաբաշխությունը՝ ոգեշնչելով արարող անհատներին իրենց գործունեությամբ արժանանալ այս մրցանակին։ Հաջորդ  տարի մրցանակակիրների շրջանակն ավելի լայն կլինի, իսկ նրանց կընտրի մասնագիտական հանձնաժողովը։ 
 
Երեկոն վարել են հայտնի հաղորդավար Հերմինե Ստեփանյանն ու մրցանակաբաշխության ներկայացուցիչ Լուսինե Քասարջյանը։ Միջոցառումը համեմված է եղել դասական երաժշտությամբ, շամպայնի ընդունելությամբ ու  «Դոլմամա» ռեստորանի հեղինակային ուտեստների հյուրասիրությամբ։
 
Վահե Քեուշգուերյանի մասին
 
Վահե Քեուշգուերյանը ծնվել է 1957 թ.-ի մարտի 8-ին, Սիրիայի Հոմս քաղաքում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Իտալիայում՝ հիմնելով գինեգործական ընկերություններ Տոսկանիայի և Պուլիայի շրջաններում: 2009 թ.-ին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և հիմնադրել գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերությունը, ինչպես նաև ներգրավվել տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում: Նա զարգացման ու հասարակական մի շարք այլ նախագծերի հեղինակ է:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ