Տասնյակ հազարավոր փախստականներ Լեռնային Ղարաբաղից. այս մասին հաղորդում է օգնության կազմակերպության աշխատակիցը


Տասնյակ հազարավոր փախստականներ Լեռնային Ղարաբաղից. այս մասին հաղորդում է օգնության կազմակերպության աշխատակիցը

  • 28-11-2023 17:32:58   |   |  Հասարակություն

    
Հինգշաբթի հայկական Գորիսն ընդունում է տասնյակ հազարավոր փախստականների։ Նրանք փախչում են Լեռնային Ղարաբաղից, որտեղ գրեթե մեկ տարի մեկուսացված էին արտաքին աշխարհից։ «Գերմանիայի խմբագրական ցանց»-ի (Redaktions Netzwerk Deutschland, RND) հետ հեռախոսազրույցում հաշվառման կենտրոնից Շուշանիկ Ներսիսյանը հաղորդում է տրավմայի ենթարկված փախստականների ժամանման մասին։
 
Ջուլիա Հան-Կլոզ
Սեպտեմբերի 29, 2023 թ., ժամը 18:22
 
 
Հետին պլանում աղմուկ է, Շուշանիկ Ներսիսյանը գտնվում է Գորսի հաշվառման կենտրոնում` Հայաստանում, ուր հինգշաբթի տասնյակ հազարավոր փախստականներ են ժամանում Լեռնային Ղարաբաղից։ «Ինձ համար էմոցիոնալ առումով դժվար է գտնվել այստեղ՝ այն մարդկանց կողքին, որոնք տասն ամիս տարել  են շրջափակումը և հասանելի չէին կենսական անհրաժեշտության պաշարներին», - ասում է Ներսիսյանը «Գերմանիայի խմբագրական ցանց»-ի հետ հեռախոսազրույցում։ Նա աշխատում է People in Need (PIN) միջազգային օգնության կազմակերպությունում, որը հիմնադրվել է 1992 թվականին չեխոսլովակցի լրագրողների կողմից: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ/IKRK) հետ համագործակցությամբ այժմ PIN-ը համակարգում է օգնությունը ղարաբաղցի հայերին:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգն ադրբեջանական պետական տարածքում բնակվող շուրջ 120.000 հայերին երկար ժամանակ կտրել էր արտաքին աշխարհից, անցած շաբաթ կայծակնային հարձակմամբ, կարճատև, դաժան հարձակումներից հետո, ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրեց կովկասյան տարածաշրջանը: Հայաստանի կառավարությունն այժմ էվակուացնում է տարածաշրջանը Լաչինի միջանցքով, որով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ/IKRK) շաբաթ օրը կարողացավ 70 տոննա մարդասիրական օգնություն ուղարկել։
 
 
Շուշանիկ Ներսիսյան, Հայաստանում People In Need (PIN) օգնության կազմակերպության աշխատակից
© Աղբյուր՝ People In Need
 
«Այստեղ մենք տեսնում ենք մարդկանց խորը տրտմությունը, թե որքան կարիքներ ունեն նրանք հիմա։ Ընդհանրապես դժվար է դիմել նրանց, թե ինչ օգնության կարիք ունեն, որովհետև դա նրանք դժվարությամբ են կարողանում արտահայտել», - ասաց Ներսիսյանը։ «Ճանապարհով գնալը լավագույն տարբերակն է, - ասում է Ներսիսյանը, - բայց այնտեղ այնքան շարժում կա, որ Գորիս հասնելու համար երկու-երեք օր է պահանջվում»:
 
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հոգեբանական օգնություն է ցուցաբերում փախստականներին Հայաստանում
 
Նա հայտնում է, որ որոշ երեխաներ եկել են առանց կոշիկների, հիմա PIN-ը փորձում է արագ ինչ-որ մեկին ուղարկել` նորերը գնելու: Փախած ղարաբաղահայերը հազիվ են կարողացել հետներն ինչ-որ բան վերցնել։ Ոմանք ժամանում են սեփական մեքենաներով, մյուսները՝ Հայաստանի կառավարության ավտոբուսներով։ Օգնականն ասում է, որ անջատողական կառավարության առավոտվա հայտարարությունից հետո, որ 2024 թվականից լուծարվելու է, նրանք այլևս չեն կարողանա վերադառնալ:
Մինչ մեծահասակները սպասում են գրանցվելուն, PIN-ի աշխատակիցները փորձում են շեղել երեխաներին։ Ներսիսյանը պատմում է «Նկարչական անկյուն»-ի մասին, որտեղ առկա են գրքեր և մատիտներ։ Գորիսում ինչպես մեծերը, այնպես էլ երեխաներն ունեն, ամենից առաջ, հոգեբանական օգնության կարիք:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության վեց հոգանոց թիմը պատրաստ է դրա համար: «Մարդիկ, որոնք ժամանում են Հայաստան, արդեն, առանց այդ էլ, սթրեսի մեջ էին` Լեռնային Ղարաբաղի պաշարման պատճառով։ Այժմ նրանք ստիպված էին ամեն ինչ թողնել իրենց հետևում։ Նրանք ծայրահեղ սթրեսի մեջ են, և խուճապ է տիրում։ Շատ մարդիկ մտածում էին, որ սրանք իրենց կյանքի վերջին օրերն են։ Նրանք շոկի մեջ են և անհապաղ աջակցության կարիք ունեն։ Այսպիսով, այս պահին մենք կենտրոնանում ենք հոգեկանական աջակցության վրա», - ասում է Հայաստանում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համակարգող Ֆրանկինգ Ֆրիասը «Գերմանիայի խմբագրական ցանց»-ին:
«Մարտահրավերը կայանում է նրանում, որ միանգամից ժամանող մարդկանց թիվն այդքան մեծ է: Հաշվառման կենտրոնում երկար հերթեր են», - ասում է Ֆրիասը: Նա համակարգում է գործընթացը Հայաստանի մայրաքաղաք Երևանից։ «Հայաստանը բախվում է մարդկանց հոսքի հետ, որոնք ոչինչ չունեն և հրատապ կարիք ունեն կացարանի, սննդի և բժշկական օգնության հասանելիության»։
Թե որքան մեծ է հոգեբանական բեռը ղարաբաղահայերի համար, երևում է նաև Հանովերում գործող Գերմանա-հայկական ընկերության նախագահ Րաֆֆի Քանդյանի հետ զրույցում։ Նա հաղորդում է սոցիալական ցանցերում, ինչպիսին Telegram-ն է, հայտնված սպառնալիքների մասին որոնք կոչ էին անում սպանել անհետ կորած հայ երեխաներին և առևանգել կանանց։ Քանդյանն ասում է, որ մարդիկ իրենց ծայրահեղ անապահով էին զգում, քանի որ անցյալ տարի, իրոք, այդպիսի  արարքների վերաբերյալ տեսանյութեր կային։ «Ղարաբաղի հայերը լիովին անպաշտպան են և հանձնված Բաքվի ողորմածությանը», - ասում է Քանդյանը «Գերմանիայի խմբագրական ցանց»-ին:
 
Գերմանա-հայկական ընկերության նախագահը գերմանական քաղաքականությունից  պահանջում է ավելին, քան ցավակցությունը
 
Քանդյանը հիշեցնում է, որ մայրաքաղաք Բաքվում նստած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վտանգ է ներկայացնում ամողջ Հայաստանի համար: «Խնդիրը բարդ է: Խոսքը ոչ միայն ներկայիս փախստականների, այլ հողերի հետագա հնարավոր գրավման մասին է: Ադրբեջանն ավելին է ուզում, քան Լեռնային Ղարաբաղն է»։ Քանդյանն անդրադառնում է նաև Գերմանիայի քաղաքականությանը. «Ցավակցությունները Հայաստանին ամենևին չեն օգնում։ Մարդասիրական օգնությունը պետք է մեծապես ավելացվի», - ասում է նա։ «Հարկավոր է մտածել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, գուցե նաև Հայաստանին պաշտպանունակ դարձնելու մասին»։
Նրանց, ովքեր արդեն կարողացել են փախչել, Գորիսից բաշխվում են ողջ հանրապետությունով մեկ։ Նրանք նորից նստում են ավտոբուսներ կամ տաքսիներ, որոնք Հայաստանում անհատ ձեռներեցներն անվճար տրամադրում են։ «Մինչև հիմա Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 65 հազար մարդ, ինչը հսկայական նյութատեխնիկական (լոգիստիկ) խնդիր է ստեղծում նման փոքր երկրի համար», - հինգշաբթի առավոտյան ասաց Րաֆֆի Քանդյանը։ Քիչ անց նա ուղղում է թիվը դեպի վեր․ տեղական ժամանակով ժամը 12-ին այդ մարդկանց թիվն արդեն 70 500 է։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն