Վատ եղանա՞կ, թե՞ ՌԴ-ի հետ լարված հարաբերություններ․ որն է Լարսում հայկական բեռնատարների կուտակման պատճառը


Վատ եղանա՞կ, թե՞ ՌԴ-ի հետ լարված հարաբերություններ․ որն է Լարսում հայկական բեռնատարների կուտակման պատճառը

  • 28-11-2023 18:03:03   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
 
Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ճանապարհով երթևեկությունը սահմանափակվել է նոյեմբերի 26-ին վատ եղանակի հիմնավորմամբ, հաջորդ օրը ճանապարհն ամբողջությամբ փակվել էր։ Սա միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը ՌԴ-ն միացնում է ՀՀ-ի ու Վրաստանի հետ։ «Խաչի լեռնանցքում ձյան տեղումներ էին եղել, ճանապարհը փակ էր: Այժմ ձնահոսքի վտանգը վերացվել է, Վրաստանի իշխանությունները կազմակերպել են ձնամաքրման աշխատանքները։ Մոտ ժամուկես առաջ ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար։
 
Մոտավոր 800 հայկական բեռնատար կա կուտակված Վրաստանի, ևս 800 էլ Ռուսաստանի տարածքում։ Բեռնատարների համար ճանապարհն ավելի շատ պետք է մաքրվի, որպեսզի անվտանգ կարողանան երթևեկել։ Հույս ունեմ այսօր մինչև երեկոյան կամ վաղն առավոտյան կբացվի ճանապարհը, քանի որ այս պահին կարծես թե տեղումներ էլ չեն սպասվում»,- նշեց Հակոբյանը։ Նշենք, որ վերջին օրերին նաև խոչընդոտներ են առաջանում հայկական արտադրանքով բեռնված բեռնատարների Ռուսաստան մուտքի հետ կապված։ Հայկական գյուղմթերքով և այլ ապրանքներով բեռնված տասնյակ բեռնատարներ հետ են ուղարկվում Հայաստան։ «Այս պահին ունենք խնդիր նաև մեր շուտ փչացող ապրանքների հետ: Ռուսական կողմն ուժեղացրել է հսկողությունը շուտ փչացող ապրանքների նկատմամբ և այս պահին որոշակի քանակություն արդեն հետ են վերադարձրել, և միգուցե հետագայում էլ ինչ-որ քանակություն վերադարձվի։ Այս խնդրի կապակցությամբ մենք ակտիվ աշխատում ենք ռուսական կողմի հետ, ՊԵԿ-ն՝ իր հերթին, տեղեկություն ունեմ, որ ՍԱՊԾ-ն նույնպես, Էկոնոմիկայի նախարարությունը ևս աշխատում են, որպեսզի խնդիրը շուտ կարգավորվի»,- նշեց Հակոբյանը։ Ինչ վերաբերում է պատճառներին, նրա խոսքով՝ Ռուսաստանում ընդհանուր հսկողությունն ուժեղացվել է որոշ ապրանքների նկատմամբ․ «Այն ապրանքները, որոնք վերահսկվում են ռուսական «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից՝ միրգ, բանջարեղեն, կենդանիներ, ծաղիկներ, բույսեր և այլն, հսկողությունն ուժեղացվել է։ Ըստ «Ռոսպետրեբնադզոր»-ի՝ վերջերս ՌԴ անցակետերից մեկում հայտնաբերվել են շատ խիստ խախտումներ և դրա հետ կապված հսկողությունը ուժեղացվել է»,- ասաց Հակոբյանը։
 
Նշենք, որ այսօր խնդրի առնչությամբ ֆեյսբության էջում գրառում էր կատարելՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով սփյուռքում գտնվելով հայերին գնել հայրենական արտադրանքը․ «Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- նշել է նա՝ ըստ երևույթին հաստատելով, որ Լարսի անցակետով հայկական արտադրանքի արտահանման խոչընդոտների հարցում դիտավորություն կա։
 
Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել Լարսում առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալու հարցում։ «Իմ ունեցած տեղեկություններով տեղի է ունեցել այդ սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջանի հետ սահմանի հատվածում: «Չեմ բացառում, որ կարող է քաղաքական դրդապատճառ լինել, բայց խնդրում եմ չշտապել և նման հետևություններ չանել»,-ասաց Ազգային ժողովի նախագահը: Արձագանքելով հարցին՝ ի՞նչ նկատի ունի ԱԺ նախագահը «քաղաքական բան» ասելով, Սիմոնյանը պարզաբանեց. «Քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են, դա նկատի ունեմ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը