Փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր հայոց պետականությունը, Պուտինը նման է բուլդոգի․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին


Փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր հայոց պետականությունը, Պուտինը նման է բուլդոգի․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին

  • 06-12-2023 15:02:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե ամբողջ գյուղմթերքի և հայկական կոնյակի ներկրումը։ Դե, Կրեմլի ղեկավարության մեջ նրանք, ովքեր սիրում են հայկական կոնյակը, իրենց չեն սահմանափակի իհարկե»:
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսսա նահանգի նախկին նահանգապետ, այժմ Վրաստանում անազատության մեջ գտնվող Միխաիլ Սաակաշվիլին: Որպես օրինակ՝ նա նշել է վրացական գինու էմբարգոն, երբ դրա արգելքից հետո Կրեմլի բուֆետում վրացի լրագրողներին առանց որևէ խնդրի հյուրասիրել են այն: Ըստ նախկին քաղաքական գործչի՝ ՌԴ շարքային քաղաքացիների կարծիքներն այստեղ կարևոր չեն:
 
«Այս արգելքը պետք է բոլոր կարմիր լույսերը վառի Փաշինյանի համար. Պուտինը չի սիրում ոչ թե հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հեռացնելու հերթական քայլն է»,- վստահ կարծիք է հայտնել Սաակաշվիլին, այնուհետև՝ խորհուրդ տվել փախչել հնարավորինս արագ:
 
Ըստ Վրաստանի նախկին նախագահի՝ Հայաստանը պետք է հեռու մնա ՌԴ-ի հետ կապող բոլոր կառույցներից:
 
«Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. հարգելի Նիկոլ, վազիր, արագ վազիր, առանց հետ նայելու վազիր ՀԱՊԿ-ից, Եվրասիական միությունից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ Բայց ամենակարևորը՝ ոտքդ հեռացրու Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։
 
Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Կտրվեք դրանից՝ գոյատևելու համար:
 
Համոզված եմ, որ դեռ ուշ չէ: Եվ դադարեցրեք տատանվելն ու ճոճվելը: Ուշացումը նման է մահվան»,- եզրափակել է Սաակաշվիլին:
 
Հիշեցնեք՝ սա առաջին անգամը չէ, որ բազմաթիվ մեղադրանքներով Վրաստանում պատիժը կրող նախկին նախագահը խորհուրդներ է տալիս ՀՀ վարչապետին ու Հայաստանին:
 
Առաջին անգամ նա խորհուրդ էր տվել «ՌԴ-ից պահանջել անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին» և հավելել, որ «Պուտինը Հայաստանի թշնամին է և նպատակ ունի տապալել երկիրը հնարավոր բոլոր ձևերով»։
 
Երկրորդ անգամ Սաակաշվիլին խորհուրդներ էր հրապարակել միաժամանակ Երևանին ու Բաքվի ուղղված: Ըստ նրա՝ կարևոր էր գիտակցել, որ «Ռուսաստանը շահագրգռված է հակամարտություն հրահրելու հարցում», քանի որ նման պատերազմը, ինչպես պնդում էր Սաակաշվիլին, ոչ միայն չէր վնասի Ադրբեջանի միջազգային համբավին, այլև կարող էր հանգեցնել Հայաստանում իշխանափոխության: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը