Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի և Լոնդոնի ցուցադրություններում


Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի և Լոնդոնի ցուցադրություններում

  • 07-12-2023 15:28:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այս տարվա նոյեմբերին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ ռեժիսորների ստեղծած 6 նոր կարճամետրաժ ֆիլմ  ցուցադրվել են Նյու Յորքի ամենամեծ և հեղինակավոր մշակույթի կենտրոնում՝ Lincoln Center-ում, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ,AGBU)  ամենամյա «Armenians in Film» ցուցադրությունների շրջանակում։  Ցուցադրված ֆիլմերի  թվում էր հայաստանաբնակ ռեժիսոր և սցենարիստ Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը։ Ցուցադրություններին հաջորդեց պանելային քննարկում ցուցադրված ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, որը վարում էր բազամաթիվ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, ազգությամբ հայ ռեժիսոր և հեռուստապրոդյուսեր Թեոդոր Պողոսյանը։ 
 
«Ցեխն» իմ դեբյուտային ֆիլմն է, և ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայացված լինել «Armenians in Film»-ի Նյու Յորքի և Լոնդոնի ցուցադրություններին, և այս հնարավորության համար երախտագիտությունս եմ հայտնում AGBU Arts-ին։ Ես շատ հպարտ եմ, որ նյույորքյան և լոնդոնյան լսարանին կարողացա ներկայանալ հայկական ֆիլմով և ստանալ դրական արձագանք, ինչն ինձ համար որպես ստեղծագործողի շատ մոտիվացնող է։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որի աջակցությամբ էլ ստեղծել եմ ֆիլմս և, իհարկե, իմ թիմին՝ մասնավորապես ֆիլմի բեմադրող օպերատոր Սուրեն Թադևոսյանին և բեմադրող նկարիչ Տիգրան Առաքելյանին»,- նշեց ռեժիսոր և սցենարիստ Վահան Գրիգորյանը։
 
«Ցեխը» կատակերգական և դրամատիկ լուծումներով ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են գյուղում։ Ֆիլմում գլխավոր հերոսի կինը՝ տեսնելով իր բացակայության ընթացքում ամուսնու՝ գետնին թողած ցեխոտ կոշիկների հետքերն ու տուն մտած ճերմակ սագի փետուրները, կարծում է, թե իրենց տուն հրեշտակ է մտել։ Զավեշտն իր զարգացումն է ստանում և ունենում անսպասելի ավարտ։
 
Վահան Գրիգորյանի խոսքով ֆիլմում առաջին հայացքից հայակական գյուղական պատմություն է ներկայացված, բայց նմանատիպ դեպքերի աշխարհի ցանկացած կետում կարող ենք հանդիպել՝ լինի գյուղ, թե քաղաք . «Այդպիսի զավեշտներ լինում են ամենուր, այն համամարդկային  պատմություն է, որում էլ ավելի համոզվեցի երբ տեսա, թե ինչպիսի արձագանք ստացավ հայկական կոլորիտային ֆիլմը նյու յորքյան լսարանի կողմից։ Հանդիսատեսն էմոցիանալ էր արձագանքում հենց այն դրվագներում, որոնք առանցքային էին։ Հիմնական գաղափարը հետևյալն է, թե ինչպես է պահում իրեն մարդը, երբ ընկնում է պաահականությունների շարունակական ծուղակի մեջ։ Նա տարբեր իրավիճակներում փորձում է որևէ բացատրություն տալ, բայց, այդ բացատրություններին ի պատասխան, գալիս է հերթական պատահականությունը»։
 
AGBU Arts-ի տնօրեն Հայկ Արսենյանը նշել է, որ «Armenians in Film»-ին հաջողվել է իր գործունեության ութ տարիների ընթացքում բացահայտել և քաջալերել նորահայտ տաղանդների․ «Այս ցուցադրությունների շարքը մենք անցկացնում ենք տարբեր երկրներում՝ համագործակցելով հեղինակավոր մշակութային հաստատությունների հետ։ Հայկական ֆիլմերը ցուցադրվում են ամենահարգի և հեղինակավոր սրահներում, որոնցից մեկը Lincoln Center-ն է, որտեղ այցելում է ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրյա հանիդիսատես։ Այս նախաձեռնության նպատակն է համաշխարհային լսարանին ծանոթացնելու մեր ֆիլմարվեստին, մեր մշակույթին, մտածելակերպին, պատմությանը, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների հնարավորություններ։ Եվ բազմազան են այն ֆիլմերը, որոնք մենք ցուցադրում ենք՝ թե՛ իրենց ժանրով՝ անիմացիոն ֆիլմերից մինչև վավերագրական, գիտաֆանտաստիկ, թե՛ աշխարհագրությամբ, թե՛ փորձառությամբ՝ սկսնակներից մինչև պրոֆեսիոնալներ» - հավելել է Արսենյանը։
 
Անդրադառնալով ցուցադրված ֆիլմերին՝ մրցանակակիր ռեժիսոր և հեռուստապրոդյուսեր Թեոդոր Պողոսյանը կիսվեց իր տպավորություններով. «Դիտել եմ աշխարհի տարբեր ծայրերի  երիտասարդ և բազմազան  ֆիլմարտադրողների շատ ֆիլմեր։ Կարող եմ նշել, որ ֆիլմերի տեխնիկական որակն ու բովանդակությունը ստեղծողների երևակայությունը, որոնք ընդգրկում են տարբեր ժանրեր և տարածաշրջաններ, բավականին բարձր մակարդակի են։ Կարծում եմ, որ շնորհիվ համացանցի և միջազգային հեռարձակման ծառայությունների՝ ապագայում էլ ավելի շատ հայեր ներգրավված կլինեն ֆիլմարտարդրության ոլորտում։ ՀԲԸՄ-ի դերը շատ մեծ է այս գործում։ Ուզում եմ հատուկ նշել, որ իմ՝ կինոռեժիսոր դառնանլու ճանապարհին ՀԲԸՄ-ն շատ կարևոր աջակցություն է ցուցաբերել։ Կալիֆորնիայում ես բախտ ունեցա նրանցից  ստանալ կրթական դրամաշնորհ, և այս ուղիղ կապը ոչ միայն կերտեց իմ անձնական ուղին, այլ նաև հնարավորություն տվեց ճանաչելու ֆիլմարտադրողների հաջորդ սերնդին»։ 
 
«Armenians in Film»  Նյու Յորքի և Լոնդոնի ցուցադրություններին ներկայացված էին նաև  Քրիստինե Խանամիրյանի «Մայրամուտ»,  Տայանա Բուդակյանի «Դեհացի», Վիկտորյա Ալեքսանյանի «Կապույտի միջով», Արման Այվազյանի  «Քար» ֆիլմերն ու Շառլոտ Մոնտգոմերիի կողմից Զելա Մարկոսյան կվինտետի մասնակցությամբ Երևակայայան ջազային ստեղծագործություն մեկուսացման և կապի մասին «Ճանապարհ»  ֆիլմը
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն