Հնդկաստանն առաջիկայում կսկսի «Ակաշ» ԶՀ համալիրների մատակարարումը Հայաստան
20-12-2023 11:44:40 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հնդկաստանն առաջիկա ամիսների ընթացքում սկսելու է «Ակաշ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Հայաստան։
Այս մասին հայտնել է ANI գործակալությունը` հղում անելով երկրի ՊՆ-ում իր ունեցած աղբյուրինև նշելով, որ Հայաստանն այդ ԶՀՀ–ները Հնդկաստանից ձեռք է բերել 600 մլն դոլարով։
«Բազմաթիվ երկրներ, այդ թվում` Բրազիլիան, Եգիպտոսն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում «Ակաշ» ԶՀՀ–ների նկատմամբ», – աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
«Ակաշ»-ը շարժական զենիթային համալիր է, որն արտադրում է Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունը։ Համալիրը միաժամանակ կարող է խոցել բազմաթիվ թիրախներ՝ ներառյալ հրթիռներ, ինչպես նաև 4-25 կմ–ի վրա գտնվող ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչուներ։ Հնդկաստանի ԶՈւ–ն արդեն ձեռք է բերել այդ համալիրները հրթիռային զորքերի երկու գնդի համար և ևս երկուսի համար պատվեր են կատարել։
Ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։ Բացի այդ, հնդկական Zen Technologies ընկերությունը, որը անօդաչուների խոցման համար ՀՕՊ համակարգեր է արտադրում, մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։