Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում. Մարիա Զախարովա


Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում. Մարիա Զախարովա

  • 21-12-2023 11:06:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կժամանի Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, և Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական եղանակով, դեկտեմբերի 20-ին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-ից 26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական նախաամանորյա ավանդական հավաքին»,- ասել է Զախարովան:
 
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին ասել է, որ Ռուսաստանն ավանդաբար հրավերներ է ուղարկել ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներին և նրանցից դրական պատասխան է ակնկալում:
 
Միևնույն ժամանակ փոխնախարարը հրաժարվել է կանխատեսում անել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր եռակողմ հանդիպման հեռանկարի վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը