Ռայիսին աջակցություն է հայտնել Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա


Ռայիսին աջակցություն է հայտնել Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա

  • 21-12-2023 11:38:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանն ուղղված ցանկացած գործողության, որը միևնույն ժամանակ հիմնված կլինի բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
 
Ի պատասխան Հայաստանի կառավարության ծրագրի՝ զարգացնելու ճանապարհային և երկաթգծային հաղորդակցության ուղիները երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև, Ռայիսին ասել է․«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանի հետ հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողության և հարթակի՝ միևնույն ժամանակ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա գնահատում է որպես արդյունավետ քայլ խաղաղության ամրապնդման և իր հարևանների շահերի ապահովման ուղղությամբ»։
 
Ռայիսին նաև գոհունակություն է հայտնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման և համաձայնագրերի իրագործման առնչությամբ։
 
Նա շեշտել է, որ Կովկասը կարևոր տարածաշրջան է, որտեղ խաղաղության անհրաժեշտություն կա։
 
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը Կովկասի նկատմամբ ամրագրված է, և պետք է հոգ տանել, որ կովկասյան տարածաշրջանը մրցակցության դաշտ չդառնա արտատարածաշրջանային երկրների համար, և նրա հարցերը լուծեն տարածաշրջանի երկրներն՝ առանց կողմնակի անձանց միջամտության», - ասել է Իրանի նախագահը։
 
Իսկ Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման անցկացումը Ռայիսին գնահատել է որպես կառուցողական քայլ տարածաշրջանային հարաբերություններն ամրապնդելու և համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
 
Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանն իր հերթին Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումների շարունակությունն ու աճը որակել է որպես երկու երկրների կամք՝ համակողմանիորեն զարգացնելու երկկողմ հարաբերությունները։
 
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը