Ադրբեջանում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը


Ադրբեջանում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը

  • 25-12-2023 14:36:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Բաքվում սկսվել է Ադրբեջանական սահմանապահների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:
 
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
 
Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ախմեդովի նախագահությամբ կայացած նիստում ուսումնասիրվել են մեղադրյալի անձնական տվյալները և բողոքարկման ապացույցները։
 
Հիշեցնենք՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական ապօրինի զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու համար շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել էր նոյեմբերի 27-ին:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
 
Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
 
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 
 
Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:
 
Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը