Սամվել Շահրամանյանին մնացին հաշված ժամեր. Ստեփան Հասան-Ջալալյան


Սամվել Շահրամանյանին մնացին հաշված ժամեր. Ստեփան Հասան-Ջալալյան

  • 28-12-2023 12:35:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի կողմից նման բովանդակությամբ հրամանագիր ստորագրելու մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի 2023թ. սեպտեմբերի 28-ին հրապարակած հայտարարությունից:
 
Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությունն Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձի, այդ թվում նաև հանրապետության նախագահին, իրավունք չի տալիս դադարեցնել ԽՍՀՄ և միջազգային իրավական ակտերի համաձայն Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից անցկացված հանրաքվեով անկախ հռչակված Արցախի Հանրապետության գոյությունը: Հետևաբար, նշված հրամանագիրն ԱՊՕՐԻՆԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ: Սակայն, քաղաքական առումով, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեօկուպացիայի համատեքստում, անհրաժեշտ է չեղարկել տվյալ հրամանագիրը:
 
Հակառակ պարագայում 2024թ. հունվարի 2-ից սկսած թե՛ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի վարչակազմը, թե՛ թուրքադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող հայաստանյան գործող վարչակազմը ամեն հարմար ու անհարմար առիթի դեպքում թմբկահարելու են տվյալ հրամանագիրը՝ պնդելով, որ Արցախի Հանրապետությունն այլևս գոյություն չունի:
 
Նշված հրամանագիրը մինչև 2024թ. հունվարի 1-ը չեղարկելու համար առկա է իրավական երկու ճանապարհ՝
Առաջին. Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագրի համապատասխանությունը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը որոշելու համար:
 
Երկրորդ. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կարող է ստորագրել հրամանագիր Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:
 
Նկատի ունենալով ժամանակի սղությունը՝ առավել իրատեսական է խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կարող է ստորագրել Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ին ընդունած հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանագիր, որի մասին էլ հայտարարությամբ պետք է հանդես գա Արցախի տեղեկատվական շտաբը՝ հրապարակելով տվյալ հրամանագիրը:
 
Խնդրի լուծման իրավական ճանապարհների մասին հանգամանորեն հանդես եմ եկել մամուլում դեռևս 2023թ. հոկտեմբերի 14-ին:
 
 
Քաղաքագետ՝ Ստեփան Հասան-Ջալալյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն