Խաղաղության ազդանշան. Հայաստանը մեծ նախագծով մոտենում Է թշնամի Ադրբեջանին․ RND


Խաղաղության ազդանշան. Հայաստանը մեծ նախագծով մոտենում Է թշնամի Ադրբեջանին․ RND

  • 09-01-2024 17:11:32   | Գերմանիա  |  Մեկնաբանություն

Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները թշնամի Ադրբեջանի հետ՝ ճանապարհների, երկաթուղային ցանցերի և էլեկտրահաղորդման գծերի կառուցման կամ վերագործարկման առաջարկների մեծ փաթեթով։ Փորձագետները նախագիծը դիտարկում են իբրև նախաձեռնություն խաղաղության պայմանագրի ճանապարհին, որը շահավետ կլինի նաև Եվրոպայի համար։
Յան Էմենդյորֆեր
 
 
Դեկտեմբերի 29, 2023 թ., 16:04
 
Բեռլին. Մինչ Հայաստանի հասարակությունը դեռևս ջանում է ինտեգրել ավելի քան 100.000 հայրենակիցների, որոնք հոկտեմբերին փախել էին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից՝ ադրբեջանական զինուժի վախից, Երևանը շարունակում է բազմահոգ նայել Բաքվի ուղղությամբ: Մտավախություն կա, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է փորձել ռազմական ճանապարհով իրագործել հետագա տարածքային նպատակները։ Այսպես` նա կարող է, օրինակ,  շահագրգռված լինել Հայաստանի տարածքով դեպի ադրբեջանական էքսկլավ Նախիջևան, որտեղ ապրում է 460.000 ադրբեջանցի, տրանսպորտային ուղիների ստեղծմամաբ։ 
 
Ալիևը ցանկանում է իր վերահսկողության տակ ստեղծել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք` նպատակ ունենալով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հայկական Սյունիքի մարզով անխոչընդոտ միացնել մնացած Ադրբեջանի հետ։ «Դա կնշանակի, որ Ադրբեջանն այս միջանցքով կարող է փոխադրել ամեն ինչ՝ սննդամթերքից մինչև սպառողական ապրանքներ, զենք, զորք և զինամթերք` առանց Հայաստանի որևէ վերահսկողության», - պարզաբանում է Հանովերում գործող Գերմանա-հայկական ընկերության (ԳՀԸ/DAG) նախագահ Րաֆֆի Քանդյանը:
 
Հայկական և կովկասյան ենթակառուցվածքները
© Աղբյուրը` RND graphic Haensel
 
Հայաստանը մերժում է դա, և այդ հարցում իրեն աջակից է համարում Եվրամիությանը, որը դրանով կասկածի տակ է տեսնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ալիևը երկար ժամանակ պնդում էր, որ Հայաստանի ամողջ հարավն իրականում ադրբեջանական տարածք է, և որ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանն իրականում պատկանում է Արևմտյան Ադրբեջանին: Դեռ 2021 թ. ապրիլին Ալիևը հարցազրույցներից մեկում ասել էր, որ «մենք կենսագործում ենք Զանգեսուրի միջանցքը՝ անկախ նրանից` Հայաստանը դա ուզում է, թե` ոչ»: 
 
Ամենանեղ տեղում Ադրբեջանն իր էքսկլավից  բաժանում է միայն 50 կիլոմետր  
 
Ամենանեղ տեղում Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավի միջև հեռավորությունը կազմում է միայն մոտ 50 կիլոմետր, իսկ Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանը նաև ուղիղ կապ կստանա Թուրքիայի հետ: 2020 թ. 44-օրյա պատերազմում նա զենքով և ռազմական խորհրդատուներով զգալիորեն աջակցեց Բաքվին` ընդդեմ Հայաստանի։ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիանալի հարաբերություններ են պահպանում նաև այլ առումներով: Սա, ի վերջո, կապ ունի որպես թուրք ժողովուրդների միասնական ինքնության և այն հանգամանքի հետ, որ երկուսն էլ իսլամական պետություններ են։ 
 
Ինչպես ասում է Քանդյանը, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների շուրջ բանավեճում միայն որպես խոչընդոտ չդիտվելու համար Հայաստանը մշակել է „The Crossroads of Peace“ («Խաղաղության խաչմերուկ») նախագիծը, որն առաջադրում է մի շարք «կառուցողական առաջարկներ»։ Փաստաթղթում, որը հասանելի է Գերմանիայի խմբագրական ցանցին (Redaktions Netzwerk Deutschland (RND)), խոսքը է գնում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև նոր տրանսպորտային կապեր կառուցելու կամ վերագործարկելու առաջարկների մասին:
 
Ինչպես նշվում է փաստաթղթում, դա վերաբերում է ինչպես ճանապարհներին և երկաթուղիներին, այնպես էլ` խողովակաշարերին, մալուխային միացումներին և էլեկտրահաղորդման գծերին։ Այնուհետև նշվում է, որ վերագործարկելով երկաթուղային կապերն ու ճանապարհները, որոնք մասամբ չեն շահագործվում արդեն 30 տարի` հակամարտության պատճառով, կարելի է «կարճ և արդյունավետ կապեր ստեղծել Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև»։
 
«Հայերը ցանկանում են նախագծերով աջակցել խաղաղության համաձայնագրին»
«Այդ նախագծով Հայաստանն ազդարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ իրական խաղաղ բանակցությունների», - ասում է Քանդյանը և այդ համատեքստում անդրադառնում նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանային անցակետերին, որոնք տարիներ շարունակ փակ են և կարող են վերաբացվել առևտրային նպատակներով։
 
Ստեֆան Մալերիուսը, որը ղեկավարում է Թբիլիսիում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակը, իր աչքով տեսել է հին երկաթգիծ հայ-իրանական սահմանին, որն անհետանում է մութ թունելում` անհայտ վայրում, և տասնամյակներ շարունակ չի օգտագործվել: Նա էլ ասում է. «Հայերը ցանկանում են նախագծերով աջակցել խաղաղության համաձայնագրին և գործնականում փոփոխություն նախաձեռնել առևտրի միջոցով, ինչպես մենք՝ գերմանացիներս, փորձել ենք Խորհրդային Միության հետ Սառը պատերազմի ժամանակ»:  
 
«Այս նախագծով Հայաստանն ազդարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ իրական խաղաղ բանակցությունների»
Րաֆֆի Քանդյան,
Գերմանա-հայկական ընկերության նախագահ
 
Նախագիծը, անշուշտ, հիմնված է նաև այն հույսի վրա, որ տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցումից հետո ոչ մի կողմ շահագրգռված չի լինի տորպեդահարել այդ գործը: Ամեն դեպքում, Հայաստանը փաստաթղթում նաև հստակեցնում է, որ պատրաստ չէ նույնիսկ մեկ սանտիմետր հրաժարվել վերահսկողությունից։ „Crossroads of Peace“-ի («Խաղաղության խաչմերուկ») հիմնադրույթներից մի կետում նշվում է. «Ամբողջ ենթակառուցվածքը, ներառյալ` ճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը, ենթակա են այն երկրների ինքնիշխանությանը և իրավասությանը, որտեղով նրանք անցնում են»:
Ըստ «Արմենպրես» գործակալության` վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել նախագիծն իրականացնելու համար։ Նա շեշտում էր, որ ապրանքների և մարդկանց փոխադրման նոր հնարավորություններն իրենց հերթին կրկին կապահովեն անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ, ինչպես նաև` լուրջ պայմաններ բոլոր երկրների տնտեսական աճի համար։
 
Ստեֆան Մալերիուսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է շահագրգռված լինի նախագծով, քանի որ այն մի կողմից կծառայի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, իսկ մյուս կողմից՝ նաև նոր հնարավորություններ կբացի Արևմուտքի համար` Հարավային Կովկասի և նրա սահմաններից դուրս` Կենտրոնական Ասիայի կամ Հնդկաստանի հետ ապրանքափոխանակության ոլորտում: Այնուամենայնիվ, մնում է սպասել, թե արդյո՞ք և ինչպե՞ս Ադրբեջանը կարձագանքի Հայաստանի առաջխաղացմանը։ Այս հաշվարկում մեծ անհայտը Ռուսաստանն է, որը ոչ մի շահ չունի տարածաշրջանի հետ Արևմուտքի հետագա մերձեցումից։
Ըստ քաղաքական դիտորդների տեղեկությունների՝ Մոսկվայի էմիսարները Բաքվի իշխանավորներին շշնջում են շատ գործ չունենալ ԵՄ-ի հետ: Բացի այդ` Հայաստանը դեռևս Մոսկվայի կողմից գլխավորվող ՀԱՊԿ պաշտպանական դաշինքի անդամ է, նույնիսկ եթե «մածիկը փշրվում է»։ 
 
Հայաստանն իրեն լքված է զգում Ռուսաստանի կողմից
 
Նոյեմբերի վերջին Մինսկի գագաթաժողովի վերջին հանդիպումը, ահա, տեղի ունեցավ առանց Հայաստանի։ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ որպես հյուրընկալող, քննադատել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի բոյկոտը։ «Եթե կան մեղադրանքներ, ապա պետք է դրանց մասին խոսեն դեմ առ դեմ և ոչ թե անհանգստացնեն լրատվամիջոցներին», - ըստ «Բելտա» գործակալության` ասաց Լուկաշենկոն և այդպիսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ազատեց Հայաստանի բացակայությունը մեկնաբանելու պարտականությունից:
 
Փաշինյանը մերժել էր, քանի որ Հայաստանն իրեն լքված էր զգում իր ավանդական պաշտպանող ուժի՝ Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից։ Մոսկվան և պաշտպանական դաշինքը չաջակցեցին Հայաստանին, երբ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, և զոհվեց ավելի քան 300 զինվոր։
Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Երևանում ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ Հայաստանում ռուսական ռազմակայանի դուրսբերումը ներկայումս, սակայն, քննարկման առարկա չեն։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանը հույս ունի` Հայաստանը կմնա դաշնակից, ինչը ցույց է տալիս, որ Երևանը միանգամայն դիտում են որպես երերուն թեկնածու։ Հայաստանը վերջին շրջանում փորձել է ավելի շատ համագործակցել եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ անվտանգության քաղաքականության ոլորտում ու նաև ռազմական զորավարժություն է անցկացրել ամերիկյան զորքերի հետ։ 
 
ՀԱՊԿ դաշինքը, որը հիմնադրվել է 2002 թ., ներառում է նախկին խորհրդային վեց հանրապետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Կազմակերպությունը մի ժամանակ ստեղծվել է որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ: Այսուամենայնիվ, փորձագետները գնահատում են, որ 30 տարի անց այլևս վեց երկրներին կապող շատ բան չկա, բացի` իրենց ընդհանուր խորհրդային անցյալից:
 
Գերմաներենից թարգմանեց Հրանուշ Սահակյանը։  
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն