ԿՈՉ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ


ԿՈՉ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

  • 18-01-2024 13:24:41   | Գերմանիա  |  Քաղաքական

«Ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի». «Ցեղասպանության հակառակորդների միություն»-ը (Verein der Völkermordgegner (SKD) e.V.)  և «Ճանաչում» աշխատանքային խումբը (AGA e.V.) դիմում են արտգործնախարար Բերբոքին
 
«Ցեղասպանության հակառակորդների միություն» / Մայնի Ֆրանկֆուրտ (Verein der Völkermordgegner e.V. Frankfurt / Main)
Soykırım Karşıtları Derneği
Կոնտակտ. էլ. փոստ՝ [email protected]
 
ԿՈՉ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ
 
Հարգելի´ տիկին արտգործնախարար Բերբոք,
 
որպես թուրքական ծագում ունեցող մարդկանց միավորում, որը գոյություն ունի արդեն 25 տարի, մենք դիմում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր մտահոգությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ բնակչության անվտանգության վերաբերյալ։
 
Որպես «Ցեղասպանության հակառակորդների միություն»՝ մենք մեր հիմնադրումից ի վեր հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույն ուղղափառ քրիստոնյաների և ասորի-արամացիների դեմ իրականացված ցեղասպանություններն ուսումնասիրվեն և դատապարտվեն ժամանակակից Թուրքիայում:
շ
Վերջերս Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ադրբեջանական զինուժի կողմից հայ բնակչության արտաքսումը Լեռնային Ղարաբաղից մեզ ցույց տվեց, թե որքան անզոր է քաղաքականությունը նաև այսօր այն հանցագործությունների նկատմամբ, որոնք բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների և ցեղասպանագետների կողմից որակվել են որպես ցեղասպանություն։ Հայերն այն ապրեցին որպես 1915 թ. ցեղասպանական քաղաքականության շարունակություն։   
Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության ծրագրված սովից, 2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և հաջորդիվ հայերին իրենց հայրենիքից լիակատար վտարումից հետո, ըստ փորձագետների, այժմ Ադրբեջանը` Թուրքիայի ակտիվ ռազմական գործակցությամբ, հերթի է դրել նոր ռազմական քայլեր, որոնք միտված են ապագայում հարվածի տակ առնել Հայաստանի գոյությունը.
 
Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության հարավի (Սյունիքի մարզ) նկատմամբ` Նախիջևանի հետ տերիտորիալ միասնություն ստեղծելու նպատակով:
 
Հայաստանի՝ որպես պետության և հասարակության հետագա թուլացումը` Կովկասի քրիստոնեական երկիրը վերացնելու նպատակով։
Ընդ որում, թուլացումը տեղի է ունենում մասամբ զգույշ և մանր քայլերով, այնպես որ պատասխան արձագանքը հաճախ չափազանց ուշանում է, ինչպես տեսանելի է դառնում Արցախի / Լեռնային Ղարաբաղի հարցում: Սա Ադրբեջանի և նրա դաշնակցի` Թուրքիայի, այսպես կոչված, «սալյամի մարտավարությունն» է։ Թուրքիայի նպատակը պանթուրքիզմի ոգով թյուրքական ժողովուրդների համադաշնություն ստեղծելն է, որի ճանապարհին կանգնած է Հայաստանը։
 
ԵՄ-ի և Գերմանիայի` արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը, ճիշտ այնպես, ինչպես պնդում են Դաշնային կառավարությունը և ԱԳՆ-ն, ոչ մի պայմանով չի կարող թույլ տալ, որ ապագայում Հայաստանը թուլանա: Երևան կատարած Ձեր այցի ժամանակ Դուք Հայաստանն արդարացիորեն անվանել եք «արժեքավոր գործընկեր»: Հայաստանը չի կարող (կրկին) զոհ գնալ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը, որն ուղղված է իսլամիզմի և պանթուրքիստական գաղափարախոսության տարածմանը։ Եվրոպական արժեքների համար, ինչպիսիք են` լիբերալ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կրոնի ազատությունը և այլն, գինն անգնահատելի բարձր կլինի: Դա նաև պայմանավորված է նրանով, որ հասարակությունների քաղաքական ավտոկրատացումը և իսլամական-կրոնական դոգմատիզացումը, ինչպես բումերանգը, այժմ վերադառնում են «(արևմտյան) քաղաքակիրթ աշխարհ»: Ֆրանսիացի գրող Պատրիկ Ֆրանզիսի խոսքերով, ու ինչպես Դուք և մենք բազմիցս լսել ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմի կապակցությամբ, անհրաժեշտ է պաշտպանել նրանց, ովքեր պաշտպանում են մեր արժեքները, քանի որ հակառակ դեպքում մեր (արևմտյան) արժեքներն իսկ կվտանգվեն և դատապարտված կլինեն կործանման երկարաժամկետ հեռանկարում, կարճ ասած, քանի որ հակառակ դեպքում հաջորդ վտանգվածը կլինենք մենք և կլինի մեր կենսաձևը:
 
Նման մտքեր մենք հաճախ ենք լսել նաև Ձեր բերանից և շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Ձեր նվիրվածության համար: Հաշվի առնելով, որ այս պահին աշխարհում կան հրդեհի բազմաթիվ օջախներ, Ձեզ համար, որպես արտգործնախարարի, հեշտ գործ չէ անհրաժեշտ ուշադրություն դարձնել հակամարտությունների լայն շրջանակին։
 
Հարգելի´ տիկին արտգործնախարար,
 
այս համատեքստում մեզ համար դրական նշան էր այն, որ Դուք նոյեմբերի սկզբին, ի թիվս այլ վայրերի, այցելեցիք Հայաստան։ Ուստի դիմում ենք Ձեզ՝ խնդրելու, որ այլ պետությունների հետ համատեղ շարունակեք Ձեր ջանքերը, նաև` կոնկրետ միջոցների ձեռնարկումը, որոնք ծառայում են Հայաստանին և նրա բնակչությանը պաշտպանելուն: Հայ բնակչության զգացումը Լեռնային Ղարաբաղի ամայացումից և բուն Հայաստանի սահմանամերձ շրջանի վրա բազմաթիվ գրոհներից հետո օրեցօր աճող սպառնալիքի զգացում է։ Այդ պատճառով անհրաժեշտ և ճիշտ ենք համարում Հայաստանի հետ ռազմական համագործակցության ամրապնդման և անմիջական վտանգի տակ գտնվող Սյունիքի մարզում հյուպատոսական գրասենյակ ստեղծելու` Ֆրանսիայի ձեռնարկումը։
 
Հաշվի առնելով այն ավանդական դաշինքը, որը Գերմանիան պահպանում էր Օսմանյան կայսրության հետ դեռևս 1915 թ. Ցեղասպանության ժամանակ, այժմ ժամանակն է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները: Ինչպես երևում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործողություններից, Թուրքիան ոչ թե «արժեքավոր գործընկեր» է, այլ տարածաշրջանային էքսպանսիոնիստական տերություն, որը ձգտում է ծայրահեղ դաժան եղանակով պարտադրել այնպիսի գաղափարախոսություններ, ինչպիսիք են իսլամիզմը և թուրքական ազգայնականությունը։ 
 
Ուստի, բացի Հայաստանին և նրա ժողովրդին պաշտպանելուց, սույն նամակով մենք խնդրում ենք Ձեզ նաև շրջադարձ կատարել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Որովհետև Թուրքիայի հակաժողովրդավարական վարչակարգը ճնշում է մարդկանց, որոնք պաշտպանում են իրենց ազատության իրավունքը: Տարիներ շարունակ ինքներս մեզ հարց ենք տվել, թե ինչպես պետք է այս վարչակարգի հետ համագործակցությունը ներդաշնակվի արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականության հետ։ Մենք հույս ունենք, որ արտգործնախարարությունը, որը Դուք ղեկավարում եք, այստեղ բոլորովին այլ գիծ կբռնի։
 
Խորին հարգանքով`
«Ցեղասպանության հակառակորդների մություն» / Մայնի Ֆրանկֆուրտ (Verein der Völkermordgegner e.V. Frankfurt / Main)։
Այս կոչին միանում է մեր գործընկեր կազմակերպությունը՝ «Ճանաչում աշխատանքային խումբ` ընդդեմ Ցեղասպանության, հանուն միջազգային փոխըմբռնման» (Arbeitsgruppe Anerkennung – Gegen Genozid, für Völkerverständigung (AGA) e.V.):
 
Գերմաներենից թարգմանեց՝ Հրանուշ Սահակյանը
 
Աղբյուրը`https://www.aga-online.org/zum-schutz-der-territorialen-integritaet-armeniens-und-des-armenischen-volkes-verein-der-voelkermordgegner-skd-e-v-und-aga-e-v-appellieren-an-aussenministerin-baerbock/ 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական