Ալեն Սիմոնյանի եղբոր կինն ու Լիլի Մկրյանն ազատ են արձակվել


Ալեն Սիմոնյանի եղբոր կինն ու Լիլի Մկրյանն ազատ են արձակվել

  • 12-02-2024 12:21:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի (Անի Գևորգյան) և Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
 
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
 
Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
 
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
 
Առևտրային կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:
 
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, ինչպես նաև Լլի Մկրյանը, երկու ամսով կալանավորվել էին: Գործը կապված է նրանց՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ:
 
Հակակոռուպցիոն դատարանը 2 ամիս ժամկետով նաև կալանավորել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն