Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է․ Փաշինյան
15-02-2024 11:20:25 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցավակցություն հայտնելով չորս զոհերի հարազատներին։
Հիշեցնելով, որ հայկական կողմը հետաքննում է Բաքվից հնչող տեղեկությունը, թե Հայաստանի զինված ուժերը կրակից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Փաշինյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմն այդուհանդերձ հաջորդ առավոտյան զանգվածային կրակ բացեց ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ ինչ հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ։
«Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը. ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։