Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են ֆիզիկական անձանց


Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են ֆիզիկական անձանց

  • 20-02-2024 13:23:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են ֆիզիկական անձանց: Դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Բուենոս Այրես» զբոսայգուն հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը:
 
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումներով՝ ճշգրտվել են Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող «Բուենոս Այրես» անվամբ զբոսայգու հողամասի սահմանները և զբոսայգու մայթի ու սիզամարգի համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող ինքնակամ շինություններին տրվել են Հալաբյան 65/6 և 65/4 հասցեները: 
 
Երևանի քաղաքապետի՝ 2008 թվականի հունվարի 22-ի և 2009 թվականի մայիսի 6-ի որոշումներով՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ներառված վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ուղիղ վաճառքի միջոցով օտարել են ֆիզիկական անձանց:
 
Մասնավորապես՝ Հալաբյան փողոցի 65/6 հասցեում գտնվող 19.5 քմ մակերեսով կառույցը, 515.89 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Հալաբյան 65/4 հասցեում գտնվող 36.28 քմ կառույցն ու կառույցի համար առանձնացված 42.16 քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքով օտարվել են այն անձանց, որոնք կառուցել են ինքնակամ շինությունները:
 
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
 
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): 
 
Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն