Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանիելյանը


Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանիելյանը

  • 21-02-2024 13:07:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանիելյանը:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
 
«Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև՝ ներկայացրել նախաքննական մարմին»,- նշեց նա։
 
Քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր կամ պրեկուրսորներ հափշտակելը) 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:
 
«Բերման ենթարկված անձը քննիչի որոշմամբ ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու հիմնավոր կասկածով»,- մանրամասնեցին ՔԿ-ից:
 
Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Մամուլի հրապարակումների, Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանելյանին քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել:
 
Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, շրջապատված անձնական «ախրանայով», այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել: 
 
Վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի էր ընկել ագրեսիվ վարքագծով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցներից մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել էր 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ հնչեցնելով անպարկեշտ արտահայտություններ՝ մասնավորապես ասելով. «Ս...ր ստեղաց շուտ»: 
 
Այս միջադեպից ժամեր անց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով, թե ցավում են տեղի ունեցած միջադեպի համար՝ հայցելով ներողամտություն: Շահրամանյանն էլ հանդիպել էր լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ, դատապարտել կատարվածը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը