Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքները


Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքները

  • 22-02-2024 11:40:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո:
 
Ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք Բողոքները մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի:
 
Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
 
Նշված ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմում զորակոչին վերաբերող խնդիրներն արձանագրվել են մի քանի ուղղություններով ստացվող բողոքներով. 
 
• թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգեր, 
• գրավոր և բանավոր բողոքներ, 
• զինկոմիսարիատ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին այցեր, 
• զորակոչիկների և նրանց ծնողների հետ առանձնազրույցներ, 
• ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն։
 
Զորակոչի ընթացքում Պաշտպանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) Տեղում ծանոթացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին:
 
Ամբողջ զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ համագործակցություն է ունեցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ:
 
Այս կապակցությամբ ընդգծում և բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ 2023 թվականի ձմեռային զորակոչին Պաշտպանի կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրություններով ներկայացված բոլոր առաջարկները իրացվել են. զորակոչիկներն ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների և ներկայացվել կրկնակի փորձաքննությունների, ստացել են իրենց անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ու եզրակացություններ, նրանց տրամադրվել են տարկետումներ և այլն:
 
Ինչպես զորակոչիկների, այնպես էլ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են, ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների ներկայացվում են խնդիրների լուծման առաջարկներ:
 
 
ՀՀ ՄԻՊ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն