Անձը հաղորդակցային հավելվածների կիրառմամբ խաբեությամբ մոտ 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով և վարկեր ձևակերպելով՝ կատարել է շուրջ 40 միլիոն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն


Անձը հաղորդակցային հավելվածների կիրառմամբ խաբեությամբ մոտ 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով և վարկեր ձևակերպելով՝ կատարել է շուրջ 40 միլիոն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն

  • 23-02-2024 14:49:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ավարտվել է Երևանի 37–ամյա բնակչի կողմից շուրջ 40 միլիոն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը։
 
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության  գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 37–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021թ․  հունիսից մինչև 2022թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում, հասանելիություն ստանալով շուրջ 5 տասնյակ քաղաքացու «Իդրամ» դրամապանակներին, կատարել է ընդհանուր 39.803.498 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն։
 
Մասնավորապես, նա «Viber», «WatsApp» հավելվածներով զանգահարել է տարբեր անձանց և տարբեր պատրվակներով, այդ թվում՝ հայտնելով, թե իբր սխալմամբ գումար է փոխանցել նրանց «Իդրամ» դրամապանակներին, խնդրել է տրամադրել իրենց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը։ Քաղաքացիների կողմից այդ տվյալներն իրեն տրամադրվելուց հետո նա հասանելիություն է ստացել նշված անձանց «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին և դրանց միջոցով համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելով, վերջիններիս անվամբ առցանց եղանակով կնքել է վարկային պայմանագրեր։  
 
Դրանցով հաստատված և իր կողմից փաստացի կառավարվող էլեկտրոնային դրամապանակներ մուտքագրված, Իդրամ դրամապանակներին կցված բանկային քարտերին և դրամապանակներում առկա գումարից տղամարդը կատարել է ընդհանուր 39.803.498 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն՝ գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ 
 
Նախաքննության փուլում քաղաքացիներին պատճառված վնասից վերականգնվել է ավելի քան 15 մլն դրամը։ 
 
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
 
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է նմանատիպ հանցագործությունների զոհ չդառնալու համար որևէ դեպքում անձնական, բանկային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից։   
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play