ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին զինտեխնիկա է տրամադրում. Նատալի Լուազոն


ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին զինտեխնիկա է տրամադրում. Նատալի Լուազոն

  • 28-02-2024 14:17:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրախորհրդարանի անդամները սատարում են Երևանի ջանքերը՝ շարունակելու Բաքվի հետ երկկողմ ու բազմակողմ քննարկումները՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։ Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ: 
 
Այս մասին ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն, գրում է dw.com-ը:
 
«Բանակցությունները շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել ժողովրդավարությունը և հույսը մեզ վրա դրած հայ ժողովրդին»,- ասել է պատգամավորը:
 
Նրա կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենի Ֆրանսիայի օրինակին, որը պատրաստում է հայ զինվորներին և Երևանին տրամադրում զինտեխնիկա։
 
«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք դաժանորեն կվերաբերվենք դրան»,- ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։
 
Դրա համար Եվրամիությունը պետք է ազատի ձեռքերը՝ ազատվելով ադրբեջանական գազի ու նավթի ներմուծումից, ասել է չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան։ Նա կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցչին համոզել իր գործընկերներին Բրյուսելում։
 
Այլ պատգամավորներ այս համատեքստում ԵՄ-ին կոչ են արել ավելի հաստատակամ երկխոսություն վարել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և «երկակի ստանդարտներ» չկիրառել։
 
Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում։ Փետրվարի 13-ին Բրյուսելում Երևանի և Բրյուսելի ներկայացուցիչներն արդեն պայմանավորվել են սկսել աշխատանքը նոր ընդլայնված գործընկերության ծրագրի վրա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը