Քննարկում եղել է, պատասխան դեռ կունենանք. Պապոյանը` գյուղատնտեսների բողոքի ակցիայի մասին


Քննարկում եղել է, պատասխան դեռ կունենանք. Պապոյանը` գյուղատնտեսների բողոքի ակցիայի մասին

  • 07-03-2024 14:43:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Նորանշանակ նախարարը նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ գրեթե բոլոր գյուղմթերքների առումով կա գնանկում։
 
ՀՀ–ում գյուղատնտեսական ապրանքների այն ծավալը, որ առկա է, քաղաքացիները կհասցնեն սպառել, և արդյունքում գյուղացիները բերքի իրացման խնդիր չեն ունենա։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի բնակիչների բողոքի ակցիային։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները իշխանություններից դժգոհ են` չեն կարողանում վաճառել իրենց գյուղմթերքը` կարտոֆիլը, կաղամբը. պահանջարկը փոքր է, իսկ գինը` ինքնարժեքից ցածր։ Իսկ կառավարությունը չի աջակցում իրենց արտադրանքը սպառելու գործում։ Նրանք փակել էին միջմարզային ճանապարհը։
 
«Այսօր առավոտյան խորհրդակցություն եղել է այդ թեմայով, վերջնական քննարկում դեռ կունենանք։ Այս պահին մի բան եմ ուզում ասել` երբ նայում ենք, թե ինչքան ամսական միջին սպառում ունենք ՀՀ–ում, և այն ծավալը, որ այսօր մնացել է մեր գյուղատնտեսների մոտ, կարծում ենք, որ դրանք այնպիսի ծավալներ են, որոնք մեր սպառողները կհասցնեն սպառել»,– հայտարարեց նա։
 
Նախարարը նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ գրեթե բոլոր գյուղմթերքների առումով կա գնանկում, ու այս դեպքում մենք բախվում ենք մեդալի երկու երեսի հետ` մի կողմից գյուղատնտեսներն են, որոնք ցանկանում են իրենց մթերքը թանկ վաճառել, իսկ մյուս կողմից այն քաղաքացիներն են, որոնք ցանկանում են այդ ապրանքն ավելի էժան ձեռք բերել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play