Ֆիդանն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը


Ֆիդանն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

  • 08-03-2024 11:59:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Վաշինգտոնում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է Թուրքիայում APA-ի թղթակիցը։
 
Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին ընդգծում է, որ կողմերն աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին՝ ընդգծելով՝ առաջընթացը, որը ձեռք կբերվի այս ոլորտում, վճռորոշ կլինի Կովկասի բարգավաճման համար։
 
Սալիվանն ու Ֆիդանը քննարկել են նաև Ուկրաինայի և Գազայի հարցը։
 
Anadolu-ն, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, նշում է, որ Ֆիդանն ընդգծել է Գազայում հնարավորինս շուտ հրադադար հաաստատելու կարևորությունը՝ շեշտելով՝ մարդասիրական օգնության քանակն էլ տարածաշրջան պետք է ավելացվի։
 
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չպետք է ձգձգվի և պետք է լուծվի «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և քաղաքական ամբողջականության շրջանակներում»։
 
Ֆիդանը երեկ է մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու Գազայի և Ուկրաինայի պատերազմները, թուրք-ամերիկյան ռազմական և էներգետիկ համագործակցության հարցեր։ Ընդգծելով, որ Ֆիդանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Ջեյք Սալիվանի հետ՝ Reuters-ը փոխանցել էր, որ Ֆիդանն ու Բլինքենը «համապարփակ բանակցություններ» կանցկացնեն․ բանակցությունների միջոցով Վաշինգտոնն ու Անկարան փորձում են դիտարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play