Գիտության իրական վիճակի և վարչապետի ու նախարարության անհրաժեշտ գործողությունների մասին․ Գրիգոր Բարսեղյան


Գիտության իրական վիճակի և վարչապետի ու նախարարության անհրաժեշտ գործողությունների մասին․ Գրիգոր Բարսեղյան

  • 12-03-2024 10:31:25   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Գիտության իրական վիճակի և վարչապետի ու նախարարության անհրաժեշտ գործողությունների մասին:

Գրիգոր Բարսեղյան

(Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր)

 

       Գիտությունների ակադեմիան, գիտության Կոմիտեն, նախարարությունը սարսափելի հարվածներ են հասցրել Հայաստանի գիտությանը (այդ մասին տես հոդվածի վերջում, 1-3 մեկնաբանությունները):

       Հիմնական հարվածը հասցվեց Կոմիտեի կողմից, որն առաջարկեց (ԿՈՄԻՏԵԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) գիտաշխատողների գնահատման համակարգ, միայն «լավ ամսագրերում» հրապարակումների քանակի վրա հիմնված։ Իսկ ուր մնացին գնահատումների շատ ավելի խորքային գործոնները, ինչպիսիք են պլենար զեկույցների, միջազգային դրամաշնորհների, մրցանակների և պարգևների առկայությունը, ինչպես նաև ուղղությունների և տեսությունների ստեղծումը։ Պատկերացրեք, նույնիսկ Նոբելյան մրցանակի առկայությունը ոչ մի կերպ արտացոլված չէ այս համակարգում։ Այսպիսով, ՀԱՄԱԿԱՐԳԸ լիովին անհեթեթ է:

       Իրականում իրավիճակը վատանում է նրանով, որ այդ անհեթեթ համակարգն արդեն ընդունվել է նախարարության կողմից՝ կառավարության 2298 որոշմամբ դրա հիման վրա առաջարկվում է որոշել գիտնականների մակարդակը (այսինքն որոշել գիտնականների վարկանիշները) և նրանց պաշտոնները:

       Ես վաղուց առաջարկել եմ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, որը հաշվի է առնում վերը թվարկված բոլոր գործոնները։ Այսինքն, ոչ միայն լավ հրապարակումները, այլև շատ ավելի կարևոր՝ պլենար զեկուցումները, միջազգային դրամաշնորհները, մրցանակներն ու պարգևները, ուղղությունների և տեսությունների ստեղծումը։ Այս ամենը բազմիցս ներկայացվել է ամբողջական տեսքով իմ տասնյակ հոդվածներում: (Տես այս հոդվածի լրացումը, որտեղ ներկայացված է 2023 թվականի իմ վերջին հոդվածը և, ամենակարևորը, մանրամասն նկարագրված է, թե ինչպես իրականացնել խորքային վերլուծություն:)

       Ինձ հաճելի էր իմանալ, որ նման միտք հնչել է վարչապետի ստեղծած Գիտության և տեխնոլոգիաների հանձնաժողովի առաջին նիստում։ Դեռ պարզ չէ, հանձնաժողովի անդամները նկատի ունեին իմ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, թե այլ բան։

 

Այսօրվա հիմնական սխալները և դրանց ուղղումը

 

       Սխալ 1 (հիմնարար):

       Պատմականորեն ստեղծված իրավիճակի արդյունքում գիտության բոլոր առանցքային պաշտոնները բաժանվել են գաղտնաբար (վերադասների ցանկությամբ)։ Սա ընդհանուր կանոն է՝ և Ակադեմիայում, և համալսարաններում, և Կոմիտեում, և այլուր։ Մինչդեռ, ակնհայտ է՝ «ամեն ինչ կադրե՛րն են որոշում»:

       Հետևաբար, բնականորեն առաջանում է

 

Առաջարկ 1

 

Գիտության մեջ ցանկացած քայլից առաջ անհրաժեշտ է իրականացնել ճիշտ, խորը ատեստավորում այն մարդկանց, ովքեր հետագա որոշումները պիտի կկայացնեն:

 

       Դա ինքնին պետք է ակնհայտ լինի: Ամեն դեպքում ներկայացնում ենք հիմնավորումները։

       Հիմնավորում առաջին։ Բանն այն է, որ 2298 որոշումը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի ստեղծել ճիշտ հանձնաժողովներ, այսինքն տեղական մակարդակի (ասենք ինստիտուտի) պաշտոնյաներից կազմված հանձնաժողովներ, որոնք էլ կորոշեն մնացած գիտնականների վարկանիշները։ Այնպես որ, նույնիսկ առաջին իսկ քայլի համար (հանձնաժողովների կազմի որոշում) մենք նախ պետք է կատարենք հենց խորքային գնահատում (այդ սկզբնական հանձնաժողովների կազմը որոշելու համար)։ Ի վերջո, հայտնի է, որ պաշտոնները մինչ այժմ բաժանվել են գաղտնաբար։ Ուրեմն ինչպե՞ս եք պատրաստվում գնահատել մնացածին, եթե հարցականի տակ են հենց առաջնային հանձնաժողովների կազմերը: Դրա համար, ակնհայտորեն, անհրաժեշտ է ավելի խորքային գնահատման համակարգ, որպեսզի առաջին հերթին որոշվի առաջնային հանձնաժողովների կազմը։

       Հիմնավորում երկրորդ։ Ամեն դեպքում, պետությունը պետք է կազմի ավելի բարձր հանձնաժողովները (օրինակ, ակադեմիա, վարչապետին կից հանձնաժողով), որոնք պետական մակարդակի հարցեր կլուծեն:Այստեղ, ակնհայտորեն, անհրաժեշտ կլինի ավելի ամբողջական խորը գնահատման համակարգ: Ակնհայտ է, որ շատ ավելի խելամիտ է նախ անցկացնել մասնագետների գնահատման խորքային համակարգ, քանի որ դրանով մենք կստանանք նաև տեղական մակարդակի պաշտոնյաների ազնիվ հանձնաժողովներ։

       Հիմնավորում երրորդ։ Ամեն դեպքում, ֆինանսներ և ժամանակ կծախսվի 2298 սխեմայով վարկանիշները որոշելու համար: Ուրեմն, ավելի լավ չէ՞ անմիջապես խորքային ատեստավորում անցկացնել, որն ինքնաբերաբար կբացահայտի մնացած ամեն ինչ: Այսպիսով, մենք կխնայենք և ֆինանսները, և ամենակարևորը ժամանակը:

       Սխալ 2։

       Ակադեմիայի սարսափելի սխալի արդյունքում, առաջատար կադրերի տարիքի սահմանափակման հետ կապված (տես մեկնաբանություն 1), տեղական մակարդակի պաշտոնյաներ (տնօրեններ, բաժինների ղեկավարներ և այլն) դարձան «երիտասարդները», որոնք վարկանիշով զգալիորեն զիջում էին «ծերերին»։ «Երիտասարդներին» լիակատար իշխանություն տրվեց (քանի որ պաշտոնյաներին մեզ մոտ այն միշտ է տրվել), և նրանք դարձան իրավիճակի տերը։ Արդյունքում գիտությունը ղեկավարելուց դուրս են մղվել առաջադեմ գիտնականները։

       Մինչդեռ իրավիճակը հեշտորեն կարելի է շտկել, եթե ընդունվի իմ հետևյալ

 

Առաջարկ 2

 

       Վարկանիշները որոշելուց հետո (խորքային հիմքի վրա) բոլոր գիտական խորհուրդներն ու գիտական հանձնաժողովները ձևավորվում են այդ սանդղակով առավել առաջադեմ գիտնականներից: ԵՎ կանոն է ընդունվում՝ բոլոր գիտական հարցերը լուծում են Գիտական խորհուրդները:

       Այ դա մարդավայել կլինի՝ հարցերը կլուծվեն հենց լավագույն մասնագետների կողմից, և պաշտոնյաները կարիք չեն ունենա զբաղվել մեքենայություններով և կարիերիզմով։

 

       Սխալ 3։

 

       ԽՍՀՄ-ից հետո Ակադեմիան միշտ գաղտնաբար ձևավորված կասկածելի կազմակերպություն է եղել։ Եթե ինչ-որ մեկը կվիճարկի դա, թող բացատրի, թե ինչպես կարող է պատահել, որ աշխատակիցները, ում աշխատանքը դասական տեսություն է, ակադեմիայում չեն, իսկ ակադեմիկոսները տեսություններ չունեն։ Եվ այս Ակադեմիան (որին ես անվանում եմ առանց վարկանիշի) անընդհատ որոշակի արտոնություններ է պահանջում: Արդեն վաղուց հասարակության շատ շերտեր ակադեմիկոսների ինստիտուտը դիտարկում են որպես ինչ-որ «գողաբարո» կազմակերպություն, որը պետք է լուծարվի։

       Ես ունեմ հետևյալ

Առաջարկ 3

 

       Ակադեմիկոսների ինստիտուտն ունի որոշակի օգտակար մոտեցումներ։ Այն պետք է ոչ թե վերացնել, այլ վերակառուցել։ Այսինքն նոր Ակադեմիա հավաքագրել ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտնականներից։ ԵՎ դարձնել այն ժամանակավոր՝ բոլորը ընտրվում են, ասենք, 5 տարով (ինչպես Մեքսիկայում): Ահա այսպիսի ակադեմիան լճացած չի լինի և կկարողանա կատարել իր հիմնական գործառույթները և որպես պետության խորհրդական, և որպես գնահատող հանձնաժողով տարբեր ոլորտներում։

 

Մեկնաբանություններ այն մասին, թե ինչպես Հայաստանի գիտությունը հայտնվեց համընդհանուր անհեթեթության մեջ։

       Մեկնաբանություն 1 (Հայաստանի գիտությանը հասցված ամենասարսափելի հարվածը Ակադեմիայի կողմից):

       Ակադեմիան ինքն է սպանել Հայաստանի գիտությունը 1990-ականների սկզբին։ Բացատրեմ։ Այդ ժամանակ մտցվեց կանոն, ըստ որի ինստիտուտների տնօրենները պետք է պաշտոնները լքեին 65 տարեկանից հետո։ Արդյունքում, այդ ժամանակ բարձր վարկանիշ (ճիշտ, ոչ այնքան կամ ամբողջովին սխալ) ունեցող մարդիկ լքեցին իրենց պաշտոնները և նրանց տեղը գրավեցին «երիտասարդները» (հիմնականում ակադեմիկոսների հարազատները), որոնք իրականում ներգրավված չէին գիտության մեջ: Ակադեմիան մեկ անգամ ևս յուղ լցրեց կրակին պահանջելով, որպեսզի «երիտասարդ տնօրենները» անպայման լինեն նաև ինստիտուտների Գիտական խորհրդի նախագահներ՝ այդպես ակադեմիկոսների համար ավելի հեշտ կլիներ կառավարել ողջ համայնքը: Արդյունքում այդ երիտասարդները ժամանակի ընթացքում դարձան իրավիճակի տերը և հանգեցրին նրան, որ գիտական գործունեության բոլոր չափանիշները լղոզվեցին՝ անհասկանալի էր, թե ով-ով է գիտության մեջ։

       Մեկնաբանություն 2 (սարսափելի հարված Հայաստանի գիտությանը Գիտության կոմիտեի կողմից):

       Հետագայում, Սերժ Սարգսյանի օրոք ստեղծեց Գիտության կոմիտե, Սամվել Հարությունյանի նախագահությամբ, որն աներևակայելի ուռճացրեց Կոմիտեի հաստիքները, այն անսկզբունքային կարիերիստներով համալրելով։ Վերջիններս սկսեցին մեծ դրամաշնորհներ բաժանել։ Բարետեսության համար նրանք հորինել են ինչ-որ կանոններ, որոնցով իբր առաջնորդվել են աշխատանքները գնահատելիս։ Իրականում դրամաշնորհները պարզապես բաժանվել են միայն ու միայն իրենց ցանկությամբ։

       Երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչ այլանդակության են հասել կոմիտեականները։ Նրանք մերժեցին Կոմիտեի տեխնոլոգիական դրամաշնորհը (զրոյական միավոր տվեցին), որը հետագայում միջազգային ֆորումում գլխավոր մրցանակ շահեց: Մերժեցին նաև գիտական դրամաշնորհը, որը հետագայում շատ մեծ համաեվրոպական մրցանակ ստացավ։

       Բայց կոմիտեի գլխավոր այլանդակությունն այն էր, որ նրանք առաջարկեցին (ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳ) գիտաշխատողների գնահատման համակարգ, որը հիմնված էր միայն «լավ ամսագրերում» հրապարակումների քանակի վրա։

       Մեկնաբանություն 3 (սարսափելի հարված Հայաստանի գիտությանը նախարարության կողմից):

       Նախարարությունը հիմք է ընդունել (ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳ) գիտաշխատողների գնահատման համակարգ, հիմնված միայն «լավ ամսագրերում» հրապարակումների քանակի վրա։ Իսկ ինչպես ցույց տվեցինք վերևում, դա վարկանիշի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության չնչին մասն է միայն: Սա գիտության արժեզրկման ուղիղ ճանապարհն է։

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ