Ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք, դիրքեր վերցրել, Արշակ Կարապետյանն ինձ չի զեկուցել. վարչապետ


Ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք, դիրքեր վերցրել, Արշակ Կարապետյանն ինձ չի զեկուցել. վարչապետ

  • 12-03-2024 15:42:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունն այն է, որ պատերազմ չպետք է լինի։
 
Այս մասին նա ասաց հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
 
«Էական չէ՝ պատրա՞ստ ենք պատերազմին, թե՞ ոչ, որովհետև մենք գնում ենք խաղաղության հետևից։ Պատերազմին պատրաստ լինելը շատ լայն հասկացություն է․ ի՞նչ պատերազմի, ո՞վ է պատրաստ պատերազմի, ի՞նչ մասշտաբի, քանի՞ երկրի դեմ, սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ կարելի է քննարկել և ցանկալի է գաղտնի ռեժիմով»,- հավելեց նա։
 
Հարցադրմանը, թե Արշակ Կարապետյանին Կրեմլի ցուցումո՞վ է ՀՀ ՊՆ ղեկավար նշանակել, վարչապետը պարզաբանեց․
 
«Նա իմ խորհրդականն էլ է եղել. նախ՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ, հետո ՊՆ ղեկավար նշանակելու հարցում ամենևին էլ հնարավոր է՝ անտեսված չի եղել նրա մոտ հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց և շրջանակների հետ։ Այդ իրադրությունում մտածում էինք՝ ի՞նչն է պատճառը, որ մեր դաշնակիցների դիրքորոշումը հստակ չէ։ Կարող է ինչ-որ բան սխալ ենք անում, գուցե պետք է լրացուցիչ ժեստեր անենք, որ մեր անվտանգային համակարգերը նորմալ սկսեն գործել։ Իհարկե, նման բան չէր կարող լինել, բայց մյուս կողմից արձանագրենք, որ Կարապետյանը գոնե իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած ՊՆ ղեկավարն է, որովհետև այդ ընթացքում եղել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»։
 
Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ինչու է որոշել ազատել Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից․ «Եղել է գլխավոր շտաբի պետի տեղակալ, եղել են 2021 թվականի իրադարձությունները, հետո եղել է ՊՆ ղեկավար, եղել են նույն թվականի նոյեմբերի իրադարձությունները։ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ ու հանդարտ է, մինչդեռ իր զեկույցում այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք և դիրքեր վերցրել։ Կարապետյանը, լինելով նախարար, կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ տեղյակ լինելով ինձ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը