Միրզոյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն գերակտիվ ջանքեր է գործադրել, որ ՀԱՊԿ-ը ընդունելի ձևակերպումով գնահատական տա Հայաստանի հետ տեղի ունեցածին


Միրզոյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն գերակտիվ ջանքեր է գործադրել, որ ՀԱՊԿ-ը ընդունելի ձևակերպումով գնահատական տա Հայաստանի հետ տեղի ունեցածին

  • 15-03-2024 13:15:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանը գերակտիվ ջանքեր է գործադրել, որ ՀԱՊԿ-ի  գործընկերների հետ ձևակերպվի այն նվազագույն փոխընդունելի ձևակերպումը, որով ՀԱՊԿ-ը պարտավոր էր անդրադառնալ Հայաստանի սահմանների խախտմանն ու սուվերեն տարածքի օկուպացիային: 
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:
 
Միրզոյանը հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում իր մասնակցությունն այս պահին որոշակիորեն սառեցրել է, պատճառն էլ հանրահայտ է:
 
«Մեզ համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ինչպես են պատկերացնում Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին: Սա կազմակերպություն է այն մասին, որ մասնակից երկրները պարտավորվում են, ի թիվս այլ բաների, փոխօգնությամբ հանդես գալ և պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը: Ցավոք սրտի, այն պահին, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման ու օկուպացիայի, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին՝ մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեն փաստերի այն ձևակերպմամբ ընկալումը, որը ես ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա: Սա, անշուշտ, հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ: Եվ, քանի դեռ այս հարցերի պատասխանները չունենք, մեր մասնակցությունն այնտեղ որոշակիորեն սառեցրել ենք»,-ասաց ԱԳ նախարարը:
 
Միրզոյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ գործընկերների կողմից անգամ չի եղել հրապարակային կերպով փաստի ընդունում, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ու սահմանները ոտնահարվել են:
 
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին՝ նա ասաց.
 
«Ես Ձեզ հավատացնում եմ, որ մենք գերակտիվ ջանքեր ենք գործադրել, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ ձևակերպվի այն նվազագույն փոխընդունելի ձևակերպումը, որով ՀԱՊԿ-ը պարտավոր էր անդրադառնալ մեզ հետ տեղի ունեցածին: Ի վերջո, տեսել ենք, որ այդ ջանքերը չեն պսակվում հաջողությամբ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը