ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը


ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը

  • 22-03-2024 11:38:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որը հասանելի է վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/։ Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։ 
 
«Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։ 
 
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: 
 
«Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Քայլերի հաջորդականությունը կարող եք գտնել այստեղ։ Իսկ այդ տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում: 
 
Համակարգը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ․ առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, ապա տուգանք։
 
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը