Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում․ ԱԺ նախագահ


Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում․ ԱԺ նախագահ

  • 27-03-2024 16:00:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում։
 
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպմանը, արդյոք հնարավո՞ր է, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկվի։
 
«Ես օրակարգից տեղյակ չեմ։ Եվրամիության անդամակցության հարց այս փուլում չենք քննարկում։ Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասաց նա։
 
Ըստ Սիմոնյանի՝ այն հայտարարությունները, որոնք արվում են հայաստանյան ընդդիմության կողմից, թե ժողովրդավարության մակարդակը ցածր է Հայաստանում, միևնույն է, ԵՄ-ն արձանագրել է՝ շատ լավն են երկրի չափանիշները․ «Դա աննախադեպ, շատ լավ բան է, բարձրացրեց նաև ՀՀ անվտանգության մակարդակը, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն դիմումը վերցրած գնացել է ու սպասում է, որ դառնա ԵՄ թեկնածու։ Մենք շատ անելիք ունենք Հայաստանում, որ ինչպես Վրաստանն ու Թուրքիան են տարիներով սպասում, չգնանք ու տարիներով սպասենք։ Պետք է ՀՀ-ում շատ բան փոխվի, շատ չափորոշիչներ»։ 
 
Նրա խոսքով՝ հարց է նաև այն՝ եթե ՀՀ-ն դիմի, ապա այդ ընթացքը քանի տարի կարող է տևել։ 
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կունենան՝ քննարկելու Հայաստանի զարգացմանն առնչվող հարցեր։ 
 
Հանդիպումը ուղղված կլինի Հայաստանի կայունության բարձրացմանը։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը